Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանկությունների օրենք՝ գյուղացիներին համախմբելու համար. գյուղատնտեսական կոոպերատիվներ են ստեղծվելու

Դեկտեմբեր 16,2015 13:15

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է մի կարեւոր նախագիծ՝ «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին, որի անհրաժեշտությունը տեսնում էին նաեւ ընդդիմադիր շատ պատգամավորներ: Նախընտրական քարոզարշավների ժամանակ ընդդիմադիր թեկնածուները հաճախ մարզային հանդիպումների ժամանակ խոստանում էին գյուղացիներին, որ այդպիսի կոոպերատիվներ են ստեղծելու եւ գյուղացիների խնդիրները լուծելու են:

Այժմ գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն: Երբ դրանք փոքր չափերի են ու մասնատված, մթերքի արտադրության  եւ իրացման համար դժվարություններ են առաջանում:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, այս օրենքը ճիշտ չէ արտահերթ նստաշրջանով անցկացնելը: Պետք է գոնե մեկ ամիս ժամանակ ունենալ եւ հանձնաժողովում քննարկել՝ կարեւոր գաղափարը չտապալելու համար:

Արծվիկ Մինասյանը համաձայն չէ  Գալուստ Սահակյանի հետ,որ փայ բառը հայերեն չէ, ուստի այն պետք է փոխարինել բաժնեմասով: Ըստ նրա, միջազգային հանրությունը, ներդրողները չեն ընկալի այդ բառը, ուստի պետք է փայ մնա օրենքում:

Ըստ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի, շատ սպասված եւ շատ անհրաժեշտ է այս օրենքը, բայց օրենքներով չի, որ կայանալու է կոոպերացիան. «Ունենալով շատ լավ օրենք, կարող է կյանքում այդպես էլ չունենանք այն, ինչ ուզում ենք»:

Նա նախագիծը ներկայացնող գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հարցրեց. «Հիմա էսքանը, որ գրել ենք՝ կարողանալո՞ւ ենք իրականացնել՝ էլ գյուղատնտեսական ապահովագրություն, էլ մատչելի վարկեր, էլ չգիտեմ ինչ: Էս ամեն ինչը կարողանալո՞ւ ենք, թե՞ օրենքում գրելու ենք, հետո կոոպերատիվները գալու են, ասեն՝ օրենքի պահանջ ա, մեզ մատչելի վարկեր տվեք»:

Այս առումով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հեգնեց՝ գրել եք, թե մեր կոոպերատիվները պետք է մրցունակ լինեն նաեւ երկրից դուրս. «Ներողություն, լավ արտահայտություն է, բայց արդյոք դա կիրառման ենթակա՞ է: Սա ցանկությունների մի շարք է, որեւէ երաշխիք չեք դրել, թե ինչ եք անելու՝ մրցունակ լինելու համար»:

Փոխնախարարը խոստովանեց. «Կոոպերատիվ զարգացումը հեշտ չի լինելու, նաեւ հոգեբանական խնդիրներ կան միավորման: Բայց դա հիմք է ստեղծելու»:

Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «Սուբսիդավորման համար բյուջեում 1.1 մլրդ դրամ ենք դրել, եթե դուք այդ 1.1 մլրդ դրամը բաժանեք գյուղացիական տնտեսությունների վրա, կստանաք 15-20 դոլար ծավալ: Մենք ո՞նց ենք դա անելու, դուք ո՞նց եք պատկերացնում դրա ծավալը: Ծավալը պետք է այնքան լինի, որ էֆեկտ տա, մենք էֆեկտ չենք զգալու»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ուղղակի կոոպերատիվները հնարավորություն են տալու համախմբել ռեսուրսները եւ այդ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համամիտ էր, որ գաղափարը լավն է, բայց նա դեմ էր, որ քաղաքական մեծամասնությունն օրենքն անցկացնի այս տեսքով. «Օրենքն անցկացնելու եք, բնականաբար, բայց եկեք այնպես անենք, որ գյուղացին իսկապես գոհ լինի, մի քիչ աշխատենք օրենքի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031