«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի համոզմամբ, աշխարհում վերացավ միաբեւեռ աշխարհակարգը:
«Գլոբալ հանրությունը փոխվեց, տոտալիտար բնույթ կրող ազատական գաղափարախոսության դեմ ընդվզումներ եղան: Մեծացավ այն կազմակերպությունների ազդեցությունը, որոնք դեմ են գլոբալ աշխարհակարգին, կողմնակից են լայն ընկալումներին: Առաջացան նոր միտումներ, մասնավորապես ծայրահեղականության տարածումն է գլոբալ հարթությունում, առաջինը Իսլամական պետությունն է: Մենք սովոր ենք որոշակի չափանիշերի՝ օրինակ գլոբալիզացիային, բայց աշխարհն արդեն այն տիպի չէ, ինչին սովոր ենք, հիմա գնում ենք այնպիսի գլոբալիզացիայի, որին սովոր չենք»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Եվրամիության վերաբերմունքը փախստականների նկատմամբ փոխել է Եվրոպայի դիմագիծը. «Եվրոպացի վերլուծաբանները կանխատեսում են Եվրամիության եթե ոչ փլուզումը, ապա գոնե սկզբունքային մոտեցումների փոփոխություն»:
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ հիմնադրամի տնօրենն ասաց, որ մեր տարածաշրջանի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է ՌԴ- Թուրքիա հարաբերությունների սրացումը. «Մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը բավական դժվար իրադրության մեջ է դրել Ադրբեջանին, Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած վերջին այցից հետո, Ադրբեջանը պետք է որոշակի դիրք գրավեր: Հայաստանին այս իրավիճակը տալիս է լրացուցիչ միավորներ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցում, Հայաստանն ինչ որ տեղ շահեկան իրադրության մեջ է գտնվում»:
Կարդացեք նաև
Նա կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի չեն վատանա, քան կան. «Հեղափոխական փոփոխություններ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ կամ համաձայնության եզրեր գտնելու նախադրյալներ չեմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների վատացման ֆոնին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ