Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում