Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենք չեմ խախտել». Սամվել Կարապետյանին գործունեության պատճառով արգելել են մտնել Վրաստան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2015 12:33

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի մարդկանց ցուցակում. հոկտեմբերի 18-ին նրան արգելել են անցնել Սադախլուի անցակետը: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին իր մասնագետների խմբով իրականացրել է հերթական ճամփորդությունը դեպի Վրաստան, որը նպատակ ուներ շարունակել ուսումնասիրել վիրահայերի հսկայածավալ մշակութային ժառանգությունը:

«2011թ. ԵԽ հովանավորած ծրագրի շրջանակում հայ եւ վրացի մասնագետները պետք է ուսումնասիրեին երկու երկրների սահմանամերձ բնակավայրերի հուշարձանները: Առաջին անգամ էի հարաբերվում վրացական կողմի հետ եւ հուսով էի, որ գործակցությունը շարունակական կլինի: Սակայն ծրագրից հետո, երբ այցելում էի Վրաստան, ամեն անգամ 15-20 րոպեով իմ սահման հատելը ձգձգվում էր: Անձնագիրս տալիս էին եւ մուտքը արտոնում էին, բայց խառնվում էին իրար, ինչ որ զանգեր էին անում իրար եւ այլն: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ անսպասելին: Խումբն անցնում էր, ես վերջում էի կանգնած, որովհետեւ գիտեի, որ անցնելս ձգձգվելու է: Մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ եւ ասաց, որ ես չեմ կարող անցնել: Իսկ երբ հարցրեցի, թե ինչն է պատճառը, ասաց, որ չգիտի՝ չի կարող ասել»,-պատմեց Սամվել Կարապետյանը:

Նա ասաց, որ համապատասխան նամակ է հղել Հայաստանում Վրաստանի դեսպանին, սակայն մինչ օրս պատասխան չկա. «Նաեւ Մշակույթի նախարարի հետ եմ հանդիպել եւ ներկայացրել կատարվածը, նամակ եմ գրել արտգործնախարարությանը, որտեղից պատասխանեցին՝ «Շատ կարեւորում ենք Ձեր աշխատանքը»: Մշակույթի նախարարն էլ Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել եւ հարցը ներկայացրել: Ասաց, որ Սարգսյանը կարեւորել է խնդիրը եւ ցանկանում է նախագահին ներկայացրել: Չեմ կարծում եւ հույս էլ չունեմ, որ կարգավիճակս կփոխվի: Ես Վրաստանի որեւէ կարգ եւ օրենք չեմ խախտել, վստահ եմ՝ գործունեությունս է պատճառը, որ դարձել եմ այդ երկրի համար անցանկալի մարդ»:

Հուշարձանագետի խոսքով՝ վրացական կողմի հետ խնդիրը ծագում է 1995 թվականից, երբ նա հրատարակություններով ներկայացրել է Վրաստանի հայկական հուշարձանները, հայկական գյուղերի պատմությունը, Թիֆլիսի հայ քաղաքագլուխներին: Վրաստանին դուր չի եկել այն փաստը, որ Կարապետյանը փաստերով ներկայացրել է Թբիլիսիի տասնյակ հայկական եկեղեցիների ձեւափոխությունները. «Վրացիները քանդել են մկրտարանները եւ այդ եկեղեցիները օծվել են վրացական ծեսով: Որմնանկարները քերում են եւ օծում վրացական սրբերից մեկի անունով: Այսպես, մենք անվերադարձ կորցրել ենք մեր հուշարձանները: Մտածեցի հրատարակել մի գիրք, որպեսզի վրացական կողմի հանցանքը աննկատ չմնա: 1998թ. հրատարակեցի «Վրաստանի պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» գիրքը, որում ներկայացվում են եկեղեցիների ձեւափոխությունները: Լուսանկարների միջոցով կարելի է համոզվել, ինչպես են դրանք ձեւափոխվել, անգամ հայերեն տառերն են քերել»:

FILE5390 FILE5389 FILE5388Որպես օրինակ Սամվել Կարապետյանը նշեց, որ 1995 թվականին էլ հրատարակել է քարտեզ-ուղեցույց, որը ներկայացնում է Վրաստանի 650 հայկական եկեղեցիների ցանկը: «Մանրամասն նշվում է եկեղեցու տեղը, տվյալները, կարգավիճակը՝ կանգուն է, ավերված է…Վրացական մամուլը հեղեղվեց նյութերով, որ գրքույկը զեղծարարություն է՝ «ի՞նչ է նշանակում 650 եկեղեցի, ուրեմն Վրաստանում հայկական եկեղեցիներն ավելի շա՞տ են»,-այսպես գրեցին: Բայց ես պատասխանատու եմ ամեն տողի համար, յուրացման խնդիր չունեմ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Վրաստանում հրատարակված պատասխան գրքում հայկական եկեղեցիները զեղծարարությամբ վերագրվում են Վրաստանին:

Ներկայացնելով Վրաստանի հայկական մշակույթին առնչվող եւ մինչ օրս հրատարակված այլ նյութերը եւս՝ հուշարձանագետը կարեւոր խնդիր բարձրաձայնեց. «Այդ կեղծիքների հեղինակները հանգիստ մտնում են Հայաստան: Եթե ես իրենց համար վտանգավոր եմ, մի՞թե Հայաստանի համար վտանգավոր չեն մեր մշակույթի համար վտանգ ներկայացնող գիտնականների այցերը: Մեր երկիրը համարժեք մոտեցում պետք է ցուցաբերի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031