Գլխավոր հարցը, որի շուրջ պտտվում է երկրի ողջ ներքաղաքական կյանքը, այն է, թե քանի մարդ կարող է փողոց դուրս բերել այս կամ այն ուժը։ Սակայն դա հնացած մոտեցում է, քանզի միտինգային տարերքը հեռանում է անցյալի գիրկը։ Ժամանակները սրընթաց փոխվում են, եւ ամեն ինչ կարելի է «լսել ու տեսնել» սոցիալական ցանցերում ու հենց այնտեղ էլ արտահայտել ինչպես հավանությունը, այնպես էլ մերժումը։
Եվ «բողոքի» սոցիալական բազան ցանցում բազմապատիկ ավելի մեծ է ընդդիմության փողոցային մոբիլիզացիոն ներուժից։ Ըստ որում՝ համախմբվում է այն գրեթե վայրկենապես։
Ցանցային ակտիվիստներին ընդունված է համարել խոսքով սարսափազդու, իսկ գործով՝ անվնաս։ Այնինչ նրանց «գործը» բնավ չի պահանջում հերոսաբար դուրս գալ հրապարակ, իսկ իշխանության համար խնդիրներ ստեղծել նրանք միանգամայն ընդունակ են։
Այսպիսով, ստանում ենք հետեւյալ պատկերը։ Ընդդիմությունը չունի սեփական ոչ մի օրակարգ, իշխանության հանդեպ ոչ մի լուրջ պահանջ։ Նրա ուզածը մեկն է. որ իր հետ հաշվի նստեն։ Դրանից հետեւում է, որ ընդդիմությունն իրականում նպատակ չունի ինչ-որ բան փոխել երկրի զարգացման ուղիներում։
Կարդացեք նաև
Կա կառավարմանը մասնակցելու, սեփական պայմաններով իշխանության մեջ մտնելու եւ նույն բանը, բայց ինքնուրույն ու իրենց սեփական շահերի մղումով անելու նպատակ։
Այս ամենը հիշեցնում է Նոբելյան դափնեկիր Հ.Հեսսեի «Ուլունքախաղ» վեպում պատկերված կազմակերպությունների գործունեությունը։ Ուլունքախաղը բոլորովին անօգուտ, բայց հազարավոր մարդկանց զբաղեցնող եւ արտաքուստ անչափ արգասաբեր գործունեությունն է։
Քիչ թե շատ հեռավոր ապագայի հարցերի նկատմամբ հետաքրքրության իսպառ բացակայությունը կարող է կապված լինել նրա հետ, որ, ընդդիմախոսների կարծիքով, դրանք բոլորը չնչին են՝ հողային հարցի շուրջ մանր տարաձայնության համեմատ. այսինքն՝ թե ով ում կթաղի հողում։ Տարաձայնությունը հարթելուց հետո էլ կխոսենք։
Քանի որ հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցություն եւ անհրաժեշտ է դրական փաստերի իմացություն, ապա ամենից հիմարներն ու չարացածները ընտրում են փողոցային (ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով) հայհոյանքը։ Ավելի զգուշավորներն ու ծույլերը՝ խուլ լռությունը։ Գլուխ հանելու ցանկությունը, թե տվյալ դեպքում ինչի հետ գործ ունենք, ինչ իրավիճակում եւ ինչու է հայտնվել ընդդիմությունը, երկու դեպքում էլ բացակայում է։ Եվ դա առանձնակի լավատեսություն չի ներշնչում։
Ընդդիմության առաջնորդները չեն տարբերվում երեխաներից, որոնք առանց պատշաճ հիմքերի որոշել են, թե արդեն մեծացել են, եւ նման պահվածքը, անկեղծ ասած, ձանձրացնում է։
Թեեւ իշխանություններն էլ պետք է ձուլեին նրանց ոսկե արձանները բնական չափերով եւ զօրուգիշեր խունկ վառեին դրանց առջեւ։ Քանզի այսպիսի ընդդիմության մասին միայն երազել կարելի է։
Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում