Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Լաճիկյան. «Հայերենը դարձել է տնային լեզու» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2015 12:05

Դեկտեմբերի 16-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին արվեստաբան Լևոն Լաճիկյանն ու քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Նրանք խոսեցին Թուրքիայի հայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքից, Ստամբուլի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներից:

Լևոն Լաճիկյանը փաստեց, որ հայերն ավելի հին ներկայություն ունեն Պոլսում, դեռեւս Հուստինիանոսի ժամանակվանից, հայերը Պոլսում ավելի վաղուց են ապրում, քան թուրքերը, հետեւաբար առաջարկեց պոլսահայերին սփյուռքահայեր չհամարել: Նա խոսեց Պոլսի հարուստ հայկական ժառանգության մասին, օրինակ, փաստեց, որ լրանում է 300 տարին, որ պատրիարք դարձավ Հովհաննես Կոլոտ Բախիշեցին: Նա թվարկեց Պոլսի բոլոր ազդեցիկ շենքերը, որոնք հեղինակել են Պալյանները:

Զահրատին եւ Զարեհ Խրախունու մասին էլ խոսեց, ասաց, որ նրանք հայ վերջին դասական գրողներն են:

Լաճիկյանն անդրադարձավ Թուրքիայի հայ ուսուցչաց հիմնարկին, որը նշում է հիմնադրման 50-ամյակը նաեւ Ստամբուլի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Գեւորգ Դավթյանին:

Ինչ վերաբերում է «Ստամբուլի աչք» որակված հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվի հետ կապված պատմությանը, Լաճիկյանի խոսքով, եթե Հայաստանի պատկան մարմիններն անեն իրենց գործը, Գյուլերի թանգարանը կբացվի Հայաստանում, մանավանդ նման ցանկություն լուսանկարիչն ունի:

Նշվեց նաեւ, որ Պոլսում շուրջ 30 եկեղեցի կա, «Մարալ» պարախումբն է գործում, Բուրատ Պետիկյանը Թուրքիայի ամենահայտնի ջազմենն է, որը համերգներ է տալիս ամենուր, բացի Հայաստանից, ամենահին՝ « Ժամանակ» օրաթերթն է հրատարակվում՝ Արա Գոչունյանի խմբագրապետությամբ:

Լեւոն Լաճիկյանը փաստեց, որ եթե 100 տարի առաջ Պոլսում 64 վարժարան էր գործում, հիմա 16 է նրանց թիվը, քանի որ նվազում է հայ գաղութը. «Անցել է 100 տարի, Պոլիսը մեգապոլիս է՝ 16 մլն բնակչությամբ, 50 000 էլ հայերի թիվն է, հիմա այդքան քիչ մարդկանցով այդքան ժառանգությունը ինչպե՞ս պետք է տեր կանգնել: Երկու մարտահրավեր կառանձնացնեի՝ խառն ամուսնությունները եւ հայերենի նկատելի նահանջը, հայերենը դարձել է տնային լեզու»:

Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ թուրքերը երբեք չեն փոխվի: Նրա ձեւակերպմամբ՝ հայերը Թուրքիայում պակասում են, քանի որ վստահություն չունեն այդ ժողովրդի հանդեպ: «Իմ մայրը Պոլսեցի է, ծնվել է Պարտիզակ գավառում, եկել է հայտնի քարավանների հետ… Էդ ազգի կոդը չի կարողանում գտնել աշխարհը, Հրանտ Դինքի հետ տեսեք ինչ արեցին»,- փաստում է Առաքելյանը:

Քանդակագործը ասում է, որ ավելի տխուր է հայաստանյան արտագաղթը, դրա մասին չեն մտածում, ուր մնաց՝ պոլսահայերի արտագաղթի հարցը լուծեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031