Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի» գործով կկայանա ևս մեկ նախնական դատական նիստ

Դեկտեմբեր 16,2015 11:34

2015թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, սկսվեց ըստ հայցի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի գործով քննությունը: Սույն հայցով Կազմակերպությունը պահանջել է՝ պարտավորեցնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին՝ տրամադրել կազմակերպության 2015թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես, տեղեկատվություն այն մասին, թե 1992-1998թթ. ընթացքում ՀՀ նախագահի կողմից քանի անձ է պարգևատրվել զենքով և ըստ 1992-2015 թթ.՝ ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները (անուն-ազգանունները): Նախնական դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, իսկ պատասխանող կողմը, չնայած պատճաշ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չէր ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին: Ս. Սողոմոնյանը չառարկեց դատական նիստը պատասխանողի բացակայությամբ անցկացնելու դեմ, և Դատարանը որոշեց նիստը շարունակել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի բացակայությամբ:

Ս. Սողոմոնյանը ներկայացրեց հայցի հիմքերը և առարկան: Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ տրամադրվել է ոչ ամբողջական տեղեկատվություն, միաժամանակ պատասխան գրությամբ նշվել է, որ ՀՀ նախագահի կարգադրություններն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, քանի որ պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ 1992-2015թթ. զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունների տրամադրումը չի կարող խախտել անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Նախագահող դատավոր Ա. Ավագյանը նշեց, որ պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում նույնպես նշվել է, որ զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունների տրամադրումը կխախտեր տվյալ անձանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Դատարանը փորձեց ճշտել այդ հարցի կապակցությամբ հայցվորի դիրքորոշումը: Ս. Սողոմոնյանը նշեց, որ Կազմակերպությունը գտնում է, որ դա որևէ կերպ չի կարող խախտել անձանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, ավելին, հայտնեց, որ ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրումների դեպքերի վերաբերյալ տարբեր զանգվածային լրատվական միջոցներով կատարվել են հրապարակումներ, որտեղ նշվել են նաև զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունները: Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ կարճ ժամկետում Դատարան կներկայացնի իր կողմից վկայակոչված համապատասխան հրապարակումների էլեկտրոնային հասցեները: Դատարանը նշեց, որ իր նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա և որոշեց նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ՝ հայցվորի կողմից ԶԼՄ հրապարակումները դատարան ներկայացնելու ու գործով կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը որոշելու նպատակով: Հաջորդ նախնական դատական նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031