Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում մշտադիտարկմանը։
– Պարոն Բաբայան, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է։ Հակառակորդը եւս հայտարարում է զոհերի մասին ու շարունակում է ծանր հրետանուց կրակել։ Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը, նշվում էր, որ 2 երկրների նախագահների հանդիպման նախաշեմին գոնե այդ լարվածությունը թուլանալու է, մինչդեռ այն ավելի է բորբոքվում, ո՞րն է պատճառը։
– Այդ խախտումները փաստորեն հանդիսանում են Ադրբեջանի ապրելակերպի, աշխարհայացքի «լավագույն» դրսեւորումներից մեկը, որովհետեւ նման պահվածք կարող է ցուցաբերել միայն ահաբեկչական, ֆաշիստական պետությունը։ Դրա համար են ամեն օր նման խախտումներ արձանագրվում, քանի Ադրբեջանը իր պետական գաղափարախոսությունը կառուցում է ֆաշիզմի եւ ահաբեկչության վրա, դա կշարունակվի նաեւ ապագայում։
Միաժամանակ ադրբեջանական իշխանություններն իրենց նման պահվածքով լուծում են մի քանի հարց։ Տեսեք, ըստ երեւույթին, Ադրբեջանում խորը զարգացումներ են ընթանում, իշխող կլանը տարեցտարի ավելի դժվար է պահպանում իր իշխանությունը, դրա համար մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են այն կառույցներում, որոնք պետք է պաշտպանեն կլանին՝ ազգային անվտանգության ծառայություն, բանակ, ներքին գործերի նախարարություն, արտգործնախարարություն։
Կարդացեք նաև
Այնտեղ ընթանում են 1937թ. զտումներ, այսինքն՝ կլանը իր իսկ թեւում, իր թիմակիցների մոտ դժվարանում է պաշտպանել սեփական շահերը։ Իսկ այս իրավիճակում շատ լավ թիրախ է դառնում արտաքին թշնամին՝ ի դեմս Արցախի եւ Հայաստանի։ Սա հնարավորություն է տալիս կլանին մի շարք հարցեր լուծել միանգամից՝ շեղում է բնակչության ուշադրությունը, կարողանում է ճնշել իր քաղաքականությանը դեմ գնացող բոլոր ուժերին՝ թե՛ կառավարական, թե՛ ընդդիմախոսներին, որովհետեւ շատ լավ պատրվակ է՝ հայերը, Արցախը իբրեւ թե վտանգ են ներկայացնում։
Ցանկացած այլակարծություն, ցանկացած արտահայտում, որը կլանի դեմ Է ուղղված, ընդունվում է որպես պետության դեմ հանցագործություն եւ ճնշվում է։ Իհարկե, սա նաեւ ազգային փոքրամասնությունների դեմ է ուղղված։ Այն զենքերի մեծ քանակը, որը գնում է Ադրբեջանը, դա նաեւ կարող է օգտագործվել իր իսկ սեփական ժողովրդի հանդեպ։ Նրանք սարսափած են նաեւ, որ կարող է լինել ադրբեջանական գարուն, ու արդեն իսկ պատրաստվում են՝ սեւացնելով արտաքին թշնամու կերպարը, որպեսզի շատ ավելի հեշտ լինի ճնշել ընդդիմությունն ու այլակարծությունը ներսում:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում