ՀԱԿ-ը դիմում է ՍԴ. Էդմոն Մարուքյանը միացել է,
բայց արդյունքները չի կանխատեսում
Երեկ Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ ՀԱԿ-ը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել մինչեւ շաբաթվա վերջ: Ստորագրահավաքի արդյունքները կամփոփվեն ամսի 18-ին: Հիշեցնենք, որ ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն: Երեկ արդեն մեկ տասնյակից ավելի պատգամավորներ միացել էին դիմումին, այդ թվում նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով «կողմ» էր քվեարկել նախագծին: Նա դեմ է կեղծիքներին: Ստորագրահավաքին միացել է նաեւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նա նախագծին էլ էր դեմ: «Անիմաստ է շարունակել այն անպտուղ աշխատանքը, որը վարում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը»,- գործընթացի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ամենամեծ` ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին իր նախաձեռնության մեջ, բայց վստահ է` չեն հաջողելու, որովհետեւ վստահություն չեն վայելում: ՕԵԿ-ն իր տղամարդու խոսքը դեռ կասի: ՕԵԿ-ական պատգամավորները, հիշեցնենք, միասնական դիրքորոշում չունեին նախագծի վերաբերյալ:
«Ես, որպես պատգամավոր, կամ «Լուսավոր Հայաստանը», չենք տիրապետում խախտումների ապացուցողական բազային: Դրա մասին խոսում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ են ունեցել: Հետեւաբար պետք է իրենք ներկայացնեն այդ բազան: Մեզնից հասնում է, որ մեր մեկ ստորագրությամբ աջակցենք գործընթացին եւ դիմումը հասնի ՍԴ: Մենք դա պատրաստ ենք անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով լիագումար նիստում չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նա կարծում է, որ ՀՀ-ում հանրաքվեների, ընտրությունների արդյունքների վիճարկման միակ վայրը հենց ՍԴ-ն է: Իբրեւ իրավաբան՝ ինքը ճիշտ է համարում, որ խախտումները ՍԴ-ի քննարկման առարկա դառնան. «Այլ հարց, որ եթե դիմում է ներկայացվում ՍԴ, հետագայում այդ որոշման հետ պետք է հաշվի նստել: Եթե չենք ճանաչելու ՍԴ-ի որոշումը, հետեւաբար միգուցե ընդհանրապես պետք չի դիմել: Չդիմել` դիմելու համար»: Նկատեցինք, որ ապացուցողական բազայի մասին խոսելիս թե ՀԱԿ-ի, թե «Ժառանգության» ներկայացուցիչները հղումներ են անում լրատվամիջոցների արձանագրած խախտումներին, ու հետաքրքրվեցինք` դա ՍԴ-ի համար բավարա՞ր բազա է: «Դա բավարար չափ է՝ ասելու համար, որ եղել են բազմաթիվ խախտումներ: Բայց խնդիրն այն է, որ պետք է քննարկման առարկա դառնա այն, թե դրանց մասսայականությունն ու ազդեցությունն ինչպիսի՞ն են վերջնական արդյունքների վրա: Իսկ ես մտավախություն ունեմ արդեն իսկ հնչած տարբեր հայտարարություններից` արջի ծառայություններ են, որոնք արդյունքների վրա չեն ազդում, ազդեցություն չի ունենալու: Նաեւ՝ մեր քաղաքական պատմությունն է դա ցույց տալիս»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե ՍԴ-ն անգամ տասը տեղամասերում անվավեր ճանաչի հանրաքվեի արդյունքները եւ որոշակի թվով ձայներ հանվեն 800 հազար «այո»-ներից, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու:
Հետաքրքրվեցինք նաեւ` նկատի ունենալով այն նախադեպերը, երբ տարբեր ընտրությունների արդյունքներ վիճարկվել են ՍԴ-ում, եւ այդ որոշումն էլ չի ընդունվել, տպավորություն չէ՞, որ ամենը շոուի է վերածվում: «Դրա համար եմ ասում` դա չպետք է դառնա ձեւական գործողություն: Եթե դու ցանկանում ես բովանդակային բողոքել, գոնե 2000 տեղամասերում հատուկ կարծիքներ պիտի գրվեին, վերահաշվարկի դիմումներ գրվեին: Որքանո՞վ է դա արվել` տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց Էդմոն Մարուքյանը: ՀԱԿ-ի այս քայլն, ըստ նրա, տարբեր մեկնաբանությունների տեղիք կտա, բայց մյուս կողմից էլ անընդհատ ասվում է` փաստեր կան, դիմեք իրավասու մարմիններին. «Մարդիկ էլ փաստեր ունեն, ուզում են իրավասու մարմիններին դիմել: Մենք էլ աջակցում ենք: Թե ինչ ելք ունենա՝ չեմ կարող կանխատեսել»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանն ի հեճուկս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ կարծում է, որ հնարավոր է 27 պատգամավորի ստորագրություն ապահովել, քանի որ խորհրդարանն այլեւս կոալիցիոն չէ, կան բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, բայց անգամ «այո» քարոզած ուժերը զուտ գործընթացի արդարության տեսանկյունից կմիանան: Դիտարկման հետ, որ սա բոլորի համար էլ դեմքը փրկելու հնարավորություն է, մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Ամենքն իրենց մոտեցումներն ունեն: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հանձնաժողովներում իրենց անդամներն ունեն, եւ եթե իրենք միանում են այս ստորագրահավաքին, ստացվում է, որ իրենց անդամներն այնտեղ են եղել ու ոչինչ չեն արել: Այստեղ խնդիր կա, սա լուրջ հարց է: Քաղաքական դիրքորոշման հարց է: Կեղծիքները, որոնք տեղի են ունենում, չեն կարող լինել հանձնաժողովի միայն ՀՀԿ-ական անդամներով կամ ՀՀԿ-ական վստահված անձանցով: Հանձնաժողովներում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Հետեւաբար պետք է բոլորի համաձայնությունը լինի, որպեսզի կարողանան կեղծիքներ անել: Փորձը ցույց է տալիս, որ եթե անգամ մեկ անդամ կանգնում ու պայքարում է, կեղծիքները կանխարգելվում են»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015