Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանելի եւ անտեսանելի մասը

Դեկտեմբեր 16,2015 10:00

«Քաղաքականությունը հիստերիա չէ: Քաղաքականությունը մաթեմատիկա է՞»: Այդպիսի եզրակացության է եկել Ուկրաինայում ապրող հրապարակախոսներից մեկը` Վիտալի Պորտնիկովը, մեկնաբանելով Սաակաշվիլի-Ավակով ընդհարումը: Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետը եւ նույն երկրի ներքին գործերի նախարարը վիճել են հետեւյալ առիթով. նախարարը հարցրել է` այդ ինչպե՞ս եք պատրաստվում սեփականաշնորհել Օդեսայի խոշոր գործարաններից մեկը: Վրաստանի նախկին նախագահն էլ պատասխանել է` «կոռուպցիոները դու ես, ես լավ տղա եմ»: Եվ դրան հետեւել է հարավկովկասյան երկու տաքարյուն ժողովուրդների ներկայացուցիչներին հատուկ վեճը:

Չփորձեմ դատողություններ անել, թե ով է այս վեճում ճիշտ կամ սխալ՝ դրա համար պետք է ավելի լավ իմանալ ուկրաինական իրողությունները: Սակայն ուզում եմ դառնալ Պորտնիկովի այն մտքին, որ քաղաքականությունը հիստերիա չէ, այն չի կարող բաղկացած լինել միայն պոպուլիզմից, միայն բարձրագոչ հայտարարություններից, հռետորական հնարքներից կամ, առավել եւս՝ միայն հիստերիկ ղժղժոցից: Գուցե դա քաղաքականության բաղադրիչ մասն է, բայց երբեք ոչ՝ ամբողջ քաղաքականությունը:

Գրեթե ամբողջ աշխարհում քաղաքականությունն իրականացվում է ոչ այնքան շոուների, խարազանող խոսքերի եւ մերկացումների, որքան հասարակության համար ոչ տեսանելի ամենօրյա աշխատանքի եւ ինչու չէ՝ բանակցությունների եւ պայմանավորվածությունների միջոցով: Կան երկրներ, որտեղ ընդհանրապես հրապարակային քաղաքականություն չկա՝ Ադրբեջանը ձեզ օրինակ: Պետությունների մի մասում քաղաքականությունը մեծ մասամբ հրապարակային է: Իսկ Ուկրաինայում, ինչպես եւ Հայաստանում, «հիբրիդային տարբերակն» է: Մեծ մասն իրականացվում է հասարակության աչքից հեռու՝ բանավեճերը, ընտրություններն ու հանրաքվեներն առանձնապես դեր չեն խաղում՝ խնդիրը լուծվում է դրանցից առաջ, իսկ «պաշտոնական միջոցառումները» միայն ամրագրում են իրավիճակը: Հենց այդ պարագայում է սկսվում հիստերիան եւ ղժղժոցը՝ որպես քաղաքական ազատ մրցակցության բացակայության հետեւանք:

Ուրիշ հարց, որ այդ աղմուկի օգտակար գործողության գործակիցը զրո է: Կարելի է կանգնել, նստել կամ պառկել խորհրդարանի ամբիոնի վրա: Կարելի է մի «տասնոց» մեխ վերցնել եւ այդ ամբիոնին հայհոյանք գրել: Նման գործողությունները գուցե արժանանան մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդու դրվատանքի: Միեւնույն է, սա «ռեժիմի տապալումը» չի մոտեցնի:

…Ի դեպ, ի գիտություն ԱԺ ամբիոնից Նարեկացի կարդացող ՀՀԿ-ական պատգամավորի: Մեծ բանաստեղծն ու փիլիսոփան մեջբերվող դառը խոսքերը գրելով՝ ոչ մեկին չէր մեղադրում կամ վիրավորում: Ասելով «դու»՝ նա դիմում էր ինքն իրեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    )))Վեևջին հատվածը դզեց:/Մնացածը հարյուրհազարերորդ անգմ եք գրում/:
    Երևի նախկին դասաատուն է, Դերանվան ժամին են անցել-սովետական դպրոցից է-կրկնում է _
    Էհ ինչ լավ էր էն վախտ-իսկական սովետական դպրոց:
    Միայն ամպագոռգոռ մտքեր_Դերանվան դասաժամին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031