Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի կարծիքով՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները ժամանակավրեպ են: Հայաստանյան լրատվամիջոցների համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը այս հարցով մանրամասնեց. «Ինչպես երբեմն նշվել է մամուլում, խաղաղապահ զորքերի տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում կարող է քաղաքական կարգավորման հնարավոր բաղադրիչ լինել, բայց նման քաղաքական կարգավորման դեռ չենք հասել: Ուստի նման հարց քննարկելը ժամանակավրեպ է»:
Պարոն Ապատուրայը նման հավանականություններ քննարկելու փոխարեն առաջարկեց շարժվել դեպի հակամարտության կարգավորում ու շեշտեց. «Աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի վերսկսմանը և հույս ունեմ, որ 2016-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կտեսնենք արգասաբեր երկխոսություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ