«Վերջին շրջանում ֆինանսների նախարարությունն իշխանության մեջ իրական, իրատեսական գնահատականներ տվող կառույց է դարձել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի՝ ՀԱԿ-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանի համար ձեռքբերում կլինի, եթե հաջորդ տարի պահպանվի 2015 թվականի վիճակը»: Ֆինանսների նախարարի՝ ինչ-որ իմաստով ազնիվ խոստովանությունը Վահագն Խաչատրյանի համար հասկանալի է: Տնտեսագետն ասում է՝ այդ ազնվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսական ամբողջ պատասխանատվությունը ֆինանսների նախարարության ուսերին է գցած. «Բոլորը իրենց են զանգում, անհանգստացնում, ասում են՝ փող տվեք, իրենք ստիպված են ասել՝ էդ փողերն այլեւս չկան: Ես տեղյակ եմ, որ կառավարության անդամներով մի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձել է հերթական լավությունը անել պետության հաշվին ու հանձնարարել է ֆինանսների նախարարին՝ այսքան գումար տվեք այսինչ ծրագրին: Նրան պատասխանել են, որ գումար չկա: Վարչապետը զարմացել է, անակնկալի է եկել: Նրան ասել են, որ վարչապետի պահուստային ֆոնդը չկա, վերջացած է: Հայաստանում բոլորի մոտ է այդ գումարները սպառված, որտեղ կա պահուստային ֆոնդ՝ Ազգային ժողով, նախագահական, վերջացել է: Իրենց գնահատականները լսելով՝ ես հասկանում եմ, որ վիճակը շատ է վատացել, հակառակ դեպքում չէին ասի, իրենց հնարավորություններն են ուղղակի վերացել»:
Վահագն Խաչատրյանն ասում է՝ մեգանախարարության հարկայինը, բոլորը գիտեն, համենայնդեպս, գործարարները լավ գիտեն, աշխատում են, այսպես ասած, կանխավճարներ վերցնելով ձեռնարկություններից: Այսինքն՝ ստիպում են գործարարներին հարկերը հաջորդ ամիսներինն էլ վճարել. «Հարկայինը միշտ կանխավճարների ձեւով է աշխատում: Մենք շուտով կտեսնենք, թե կանխավճարների ձեւով որքան գումար են հավաքել, իսկ դա նշանակում է որ 2016-17 թվականների հաշվին արդեն գումարներ են հավաքել: Այս վիճակը հաշվի առնելով, որ իրենք խոսում են, թե 2015 թվականի վիճակն էլ պահենք եկող տարի, պետք է գոհ լինենք, համաձայն եմ Գագիկ Խաչատրյանի հետ»:
ՀԱԿ անդամը վստահեցնում է՝ ՀՀ իշխանություններն ամենակարեւոր ռեսուրսը՝ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունն էլ կարող են կորցնել. «5.8 միլիարդ դոլար պետք է լինի, նույնիսկ, եթե նորից վարկ տվող լինի, չենք կարող վերցնել: Կգա այն ժամանակը, որ վարկ տվողները կմտածեն, էն որ ասում են՝ «հազար չափի՝ մեկը կտրի» սկզբունքով, այսինքն՝ կմտածեն՝ արդյոք արժե՞ այս երկրին փող տալ: Որովհետեւ պարտքի բացարձակ չափը չէ կարեւոր, կա նաեւ հարաբերակցության, վճարունակության, արտահանման-ներմուծման տարբերություն, արտահանման չափ եւ այլն»: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին պարտքի մասին հենց այդ պարտք տվողներից մեկը, օրինակ՝ Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը, «Առավոտին» վստահեցրել էր, որ Հայաստանը հուսալի վարկառու է: Դոուլը, մասնավորապես, ասել էր. «Բայց մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք պարտքի մակարդակի վրա, ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության 50%-ն այն մակարդակն է, որը սկսում է հատուկ ուշադրություն պահանջել: Չափազանց կարեւոր է, թե դա ինչպես է փոփոխվելու ապագայում, եւ պետք է շատ զգույշ լինել, թե ինչ նոր ծրագրեր են ավելանում պետական պարտքին: ՀՀ պետական պարտքն այսօր այն միջակայքում չէ, երբ որ շատ լուրջ մտահոգության առարկա է: Բայց մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որ այն չհասնի մտահոգիչ միջակայքին»:
Մեր այս մեջբերմանն ի պատասխան՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Այդպես չէ, դա միայն թվում է»:
Հայաստանի տնտեսությունը տեղից շարժելու, զարգացնելու համար որպես լուրջ նախագիծ՝ Հայաստան-Իրան երկաթգիծը, ՀՀ իշխանությունները վաղուց փորձում են համոզել, որ այն միանգամայն իրատեսական է: Ընդ որում, այս տարվա սեպտեմբերի 25-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ վարչապետի՝ Չինաստան այցի մասին որոշ մանրամասներ ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ Չինաստանի վարչապետը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է համակարգել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի ուղղությամբ աշխատանքները. «Ֆինանսավորման մասով չինական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերվի տեխնիկատնտեսական հիմնավորումն ու ծրագրի շահութաբերության աստիճանը ուսումնասիրելուց հետո: Չինական կողմը շահագրգռված է երկաթգծի կառուցման հարցում, որովհետեւ այդ ծրագրի հիմնական մեխն այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»: Այս առումով Վահագն Խաչատրյանը ՀՀ կառավարության ձախողման մի ուշագրավ փաստ էլ ներկայացրեց՝ Հայաստանը Մետաքսի ճանապարհից դուրս է մնում: Ըստ տնտեսագետի՝ Հայաստան-Իրան երկաթգիծը, որը կապում էին Մետաքսի ճանապարհի հետ, անիրատեսական է: Խաչատրյանն ասաց, որ երեկ տեղի է ունեցել առաջին գնացքի շարժը, որը Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ճանապարհն է. «Ընդ որում, 40 օրվա փոխարեն՝ 8 օր: Այսինքն՝ այս երկաթգիծն աշխատեց: Այն 40 միլիարդանոց ֆոնդը, որը սպասարկելու է, որը պետք է վերկանգներ եւ ապահովեր Մետաքսի ճանապարհը՝ աշխատեց: Եվ այս նախագծում մեր 3 հարեւաններն են ընդգրկված: Իսկ մենք, որպես առաջնահերթություն, որպես կարեւորություն, այլեւս չկանք: Բացի այս, Վրաստանը չինական կապիտալով վրացական Անակլիա ծովափնյա քաղաքում հսկայական նավահանգիստ է կառուցում, որտեղ մեծ նավեր կարող են մտնել: Սա նշանակում է Ամստերդամ-Չինաստան ճանապարհը, որը տեւում է 40 օր, կարող է տեւել 6-7 օր: Հայաստան-Իրան երկաթգիծն աշխարհագրորեն էլ իրատեսական չէ, տեխնիկապես բավականին բարդ է: Գիտե՞ք ինչ է նշանակում Սյունիքում, որտեղ 400-ից 2000 մետր տատանումների տարբերությամբ ճանապարհներ են, երկաթգիծ կառուցելը: Ինչպես նախկին ԱԳ նախարարն էր ասել՝ Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրը դարի բլեֆ է, ես համամիտ եմ»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.12..2015