Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եգիպտոսը փոխարինել են Վրաստանով

Դեկտեմբեր 16,2015 15:00

Տուրընկերությունները Եգիպտոսին այլընտրանք են գտել՝ Վրաստանը

Այս օրերին հայկական տուրիստական գործակալությունները Եգիպտոսում հանգստանալ ցանկացողներին այլընտրանքային առաջարկ են անում՝ հանգստանալ Վրաստանում: Չնայած նրան, որ այս երկու ուղղությունները միանգամայն տարբեր հանգիստ են առաջարկում զբոսաշրջիկներին՝ սկսած եղանակային պայմաններից, վերջացրած տեսարժան վայրերով ու մշակույթով, տուրգործակալությունների օպերատորները «կպած» համոզում են, որ «Վրաստանը շատ լավ տարբերակ է, եւ որ Եգիպտոսում տեռորիզմին զոհ գնալու վտանգը դեռ չի անցել»:

Ամիսներ առաջ Եգիպտոսում ահաբեկչության հետեւանքով ռուսական ուղեւորատար օդանավի կործանումից հետո դեպի այդ երկիր զբոսաշրջիկների հոսքը նվազել է: Այդ մասին մեզ հետ զրույցում հավաստիացրին նաեւ զբոսաշրջային գործակալության աշխատակիցները:

«Առավոտը» երեւանյան մի քանի տուրընկերություններից հետաքրքրվեց, թե Ամանորին մեր հայրենակիցներն ինչ ուղղություններ են նախընտրում եւ Եգիպտոսի փոխարեն ուր են սկսել գնալ:

Հայաստանցիների կողմից հանգստանալու համար ամենանախընտրելի վայրերից է շարունակում մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները, մասնավորապես՝ Դուբայը:
Դուբայի 4 եւ 5-աստղանի հյուրանոցներում երեկվա դրությամբ արդեն գրեթե ազատ տեղ չկար: Տուրգործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատ համարներ միայն մնացել են 3-աստղանի եւ 5+ աստղանի հյուրանոցներում: Եթե, այնուամենայնիվ, մեր հայրենակիցներն ուզում են հանգիստը Դուբայում կազմակերպել, ապա պետք է հյուրանոցը պատվիրեն Շարժայում. «Մի 20 րոպեի ճանապարհ է մինչեւ Դուբայ»,- ներկայացնում էին տուրօպերատորները:

Ամանորին երկու անձի տուրփաթեթի արժեքը ոչ տոնական օրերի համեմատ գրեթե կրկնակի թանկ է: Շարժայում երկու անձի համար նախատեսված փաթեթի գինը մոտ 1800 դոլար է՝ 9 օրվա համար:

Տուրգործակալություններից վստահեցրին, որ Եգիպտոս գնալ ցանկացողներ էլ կան:
Եթե Երեւանից են մեկնում, ապա տուրփաթեթի արժեքը երկու անձի համար 7 օրը կարժենա 1796 դոլար: Թռիչքը Վրաստանից, նույն պայմաններով՝ 1100 դոլար: Այսինքն՝ մոտ 700 դոլար էժան:

Հունաստանը, Անթալիան, Թաիլանդը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կարիբյան կղզիները, Շրի Լանկան, Հնդկաստանի Գոան, Մալդիվյան կղզիները եւս հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություններ են, սակայն այս տարի այս երկրներում Ամանորն անցկացնելու պահանջարկն այդքան էլ մեծ չէ, ինչպես վստահեցրին տուրգործակալություններից: Տուրօպերատորների ներկայացմամբ՝ այդ երկրներից առավել մեծ պահանջարկ ունեն Շրի Լանկան, Գոան եւ Հունաստանը:

Շրի Լանկայի ամանորյա տուրփաթեթը երկու անձի համար 10 օրը տատանվում է 2500-ից 3000 դոլարի սահմաններում՝ կախված հյուրանոցի աստղերից: Թաիլանդինը 3500 դոլար է:

Այն, որ Հայաստանի հյուրանոցներում եւ հանգստյան տներում Ամանորն անցկացնելն ու մի քանի օր հանգստանալը շարունակում է թանկ հաճույք լինել՝ հաստատում են նաեւ տուրօպերատորները: Դրսում հանգստանալու ցանկությունն, ըստ տուրօպերատորի, որոշ դեպքերում էլ դրանով է պայմանավորված: Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի 4-5 օր երկու անձի համար հանգստանալու փաթեթի արժեքը գրեթե նույնքան է, որքան մեկ շաբաթ Եգիպտոսում կամ Դուբայում հանգստանալու գինը:

Վրաստանում հյուրանոցները եւ հանգստյան տները շատ ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում: Օրինակ՝ տուրգործակալություններից մեկը տեղեկացրեց, որ 210 դոլարով ամանորյա 4 օրը անցկացնելու առաջարկ են ներկայացրել Բակուրյանի հանգստյան տները, 320 դոլարով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցները: Ի դեպ, փաթեթները ներառում են էքսկուրսիաներ, Երեւանից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային ծախսերը:

Ամեն անգամ, երբ խոսք է գնում հայաստանյան հանգստյան տների չհիմնավորված թանկ ծառայություններ առաջարկելու մասին, մեր երկրի տուրիզմի պատասխանատուները վստահեցնում են, որ հայաստանյան տուրփաթեթների գները բարձր չեն, եւ որ «դրսի» համեմատությամբ դրանք մի բան էլ էժան են: Սակայն այդպես էլ չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են հազարավոր հայաստանցի զբոսաշրջիկներ գերադասում հանգստանալ Բորժոմիում, այլ ոչ թե Ջերմուկում, ամռան տապին՝ Դուբայում ու Եգիպտոսում, այլ ոչ թե Դիլիջանում, Ծաղկաձորում, Վրաստանի Քոբուլեթում, այլ ոչ թե Սեւանի ափին:

Պարզապես նրանք էլ ինձ պես գումարում-հանում են ու տեսնում, որ, այնուամենայնիվ, դրսում հանգստանալը շատ ավելի էժան է, քան հայրենիքում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031