Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատում եմ լինել անկեղծ եւ ճշմարիտ»

Դեկտեմբեր 16,2015 14:00

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝
իր ծանոթ եւ անծանոթ ֆիլմերի մասին

Օրերս Ուֆայում անցկացված «Արծաթե Ակբուզատ» միջազգային երկրորդ կինոփառատոնում կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» լիամետրաժ ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատոր» անվանակարգում: Նշենք, որ օպերատորը Նարեկ Մարտիրոսյանն է: Սա «Թեւանիկի» հերթական հաջողությունն էր արտասահմանյան փառատոներում: Ռումինիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում նույն ֆիլմը արժանացել է տարբեր մրցանակների, իսկ «Ոսկե ծիրանում» հաղթել «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում: Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Առնոլդ Աղաբաբովն ու եւ Կարինե Խոդիկյանը, նյարդայնացրել էր ադրբեջանցիներին: Ինչպես «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի ռեժիսորը լիտվացի է՝ Կեստուտիս Դրազդաուսկասը, երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը նույնպես լիտվացի է: Մեր զրուցակցի ներկայացմամբ, Լիտվայում Ադրբեջանի դեսպանատունը եւ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանձնարարել էին ուսումնասիրել իր ֆիլմում լիտվական ստեղծագործական խմբի մասնակցության հարցը: Իհարկե, մեր հարեւանների հերթական հիստերիան ոչ մի կերպ չէր կարողացել խոչընդոտ հանդիսանալ «Թեւանիկի» հաղթարշավին:

Հաստատելով մեզ հասած լուրը, թե հերթական ֆիլմի համար երաժշտություն է գրել «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կինոռեժիսորը հայտնեց, որ 2014թ. Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում ներկայացրել էր «Թեւանիկը», ինչպես նաեւ նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Իմիջիայլոց, «Վերջին բնակչի» նկարահանման եւ մոնտաժման աշխատանքներն ավարտված են, այս պահին Լիտվայում ընթանում են ֆիլմի պատկերի վրա տարվող աշխատանքները: Ինչ վերաբերում է Սերժ Թանկյանի մասնակցությանը ֆիլմին, կինոռեժիսորն ասաց, թե աշխարհահռչակ ռոք երաժիշտը ծանոթացել է սցենարին ու հուզել է այն, եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հունվարի վերջերից կսկսի երաժշտության ձայնագրման աշխատանքները:

Serj_Tankyan_2
Ռեպլիկին՝ փաստորեն, նախկինում ձեր տասնյակ վավերագրական եւ վերջին շրջանում էլ խաղարկային ֆիլմերի հիմնական թեման եղել ու մնում է Արցախը, ծնունդով Ստեփանակերտից Ջիվան Ավետիսյանը հակիրճ պատասխանեց. «Արցախյան պատերազմի մասին կարելի է տասնյակ ֆիլմեր նկարահանել եւ չկրկնվել»: Խնդրանքին՝ փոքր-ինչ ներկայացնել «Վերջին բնակիչը», կինոռեժիսորը նշեց. «Ֆիլմը 70 տարին բոլորած Աբգարի մասին է, որը Ադրբեջանի կողմից լքված գյուղում մնացել է մեն-մենակ եւ հրաժարվում է այն լքել, ինչի համար նա հիմնավոր պատճառ ունի՝ փնտրում է սումգայիթյան դեպքերի ականատես դստերը, որին կորցրել է, եւ ըստ լուրերի՝ աղջիկը հոգեկան խանգարում է ստացել…»:

Մեր դիտարկմանը, որ բացի կինոոլորտի մարդկանցից, մեծ հաշվով, հայ հանդիսատեսը ծանոթ չէ ժամանակակից հայաստանցի ռեժիսորների ֆիլմերին, որովհետեւ հեղինակները հիմնականում բավարարվում են մեկանգամյա շնորհանդեսով, իսկ «մեծ էկրանները» ողողված են թեթեւ ֆիլմերով, ով է ստեղծված վիճակի մեղավորը, Ջիվան Ավետիսյանն ընդամենը պատասխանեց. «Ես իմ աշխատանքն եմ անում, հնարավորինս աշխատում եմ այն լինի անկեղծ ու ճշմարիտ»: Հավելեց նաեւ, որ Ծովինար Խաչատրյանի սցենարով «Վերջին բնակիչը» ֆիլմում նկարահանվել են ծանոթ դերասաններ Նարինե Պետրոսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, ինչպես նաեւ՝ հայազգի դերասաններ, որոնք բնակվում են Հունաստանում, Իրանում, Ռուսաստանում, Լիտվայում, ԱՄՆ-ում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Սերժ Թանկյանն ու Ջիվան Ավետիսյանը (աջից):

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել