Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք մասնակցով՝ մեկ ոսկի եւ երկու բրոնզ՝ աշխարհի առաջնությունում

Դեկտեմբեր 16,2015 13:00

Ավանդական ֆուդոկան կարատեի Հայաստանի ներկայացուցիչները Սերբիայում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել են մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով:

Մարզիչ, սեւ գոտի 4-րդ դան Արծրուն Օհանյանը «Առավոտի» հետ կիսվել է աշխարհի առաջնությունից ստացած իր տպավորություններով: «Մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում: Հենց Բելգրադի օդանավակայանում անվտանգությունը բարձրացված էր շատ բարձր աստիճանի, որի արդյունքում ժամանած մոտ ութ-ինը երկրի հավաքականների հենց օդանավակայանից հետ ուղարկեցին՝ կասկածելով, որ դրանց կազմերում մարզիկների անվան տակ մտցվել են փախստականներ: Որպես աշխարհի առաջնության մասնակից, գրանցված էր 70 երկիր, սակայն ութ երկրների միայն ֆեդերացիաների նախագահներն էին ներկա դիտորդի կարգավիճակով: Մնացած երկրներից բոլոր տարիքային խմբերում հանդես եկավ 1600-ից ավելի մարզիկ: Հայաստանից Սերբիա մեկնել էինք երեք հոգով: Բելգրադում մեր հավաքականը պետք է համալրեր նաեւ մեր ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանի որդին՝ Հունան Ավետիսյանը, որը բնակվում եւ մարզվում է Իսպանիայում: Սակայն այդ երկրի ֆեդերացիան պահանջեց, որպեսզի Հունանը հանդես գա իրենց դրոշի ներքո, եւ մենք մնացինք երեքով: Միանգամից ասեմ, որ Հունանն Իսպանիայի հաշվարկին բրոնզե մեդալ բերեց: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ասեմ, որ ես այն գնահատում եմ շատ լավ: Սկսեմ պատանիներից, որոնք հիանալի հանդես եկան:

Ջոն Երեմյանը 10-11 տարեկանների մեջ ջիու իպոն կումիտեում բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Ընդ որում, Ջոնն ընթացքում հաղթեց ու պայքարից դուրս թողեց այդ տարիքային խմբի աշխարհի չեմպիոնին:

Գերազանց էր նաեւ էմբու մրցաձեւում այս տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արման Պետրոսյանի մասնակցությունը 12-13 տարեկանների առաջնությունում, որտեղ պատանին իր մեդալների հավաքածուն համալրեց ջիու իպոն կումիտեի աշխարհի առաջնության բրոնզով», – ասաց մարզիչը, այնուհետեւ պատմեց իր մասնակցության մասին: «Ես հայտավորվել էի 21-ից 35 տարիքային խմբում, որտեղ անչափ ուժեղ կազմ էր հավաքվել: Այնքան ուժեղ, որ խումբը կոչում էին «մսաղաց»: Եվ իսկապես, եկել էին աշխարհի բոլոր ուժեղագույնները: Անգամ այնպիսիք, որոնք չէին մասնակցել Եվրոպայի առաջնությանը, այլ հատուկ պատրաստվել էին աշխարհի չեմպիոնատին: Մենամարտերն այնքան դաժան էին, որ բոլոր մասնակիցներն էլ վնասվածքներ ունեցան: Օրինակ, ես նոկդաունի եմ ենթարկվել, բայց, ի վերջո, կարողացել եմ այդ մարտում հաղթել: Ընդհանուր առմամբ անցկացրել եմ յոթ մենամարտ, ահավոր մեծ դժվարությամբ առավելության հասել բոլոր մրցակիցներիս նկատմամբ ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը անհատական ֆրիսթայլ կումիտե մրցաձեւում»,- ասաց Ա. Օհանյանը:

Հայաստանի պատվիրակության կազմում Սերբիա մեկնած Արմեն Պետրոսյանը պատմեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները զարմացած էին հայաստանցիների վարպետության մակարդակով, շատերն էլ մեր մարզիկների հաջող մրցելույթների շնորհիվ բավականին տեղեկացվեցին Հայաստանի մասին: Նրա խոսքերով, Հայաստանը, թերեւս, բացառություն էր, որ մասնակցելով ընդամենը երեք հոգով, բոլորն էլ մեդալ նվաճեցին: Եվ դա այն դեպքում, որ երկրներ կային, որոնք ոչ միայն մարզաձեւի առաջատարներ են աշխարհում, այլեւ մասնակցելով մի քանի տասնյակ մարզիկներով, այդպես էլ անմասն մնացին մրցանակային տեղերից: Այնպես որ, ամենեւին էլ պատահական չի եղել, որ պատվիրակությունների ղեկավարները, անդամները հերթով մոտենում էին մերոնց, շնորհավորում ամեն մի հաղթանակից հետո, ոմանք էլ չէին թաքցնում, որ մի փոքր ավելի անկողմնակալ մրցավարության դեպքում մեր երկու պատանիներն էլ կբարձրանային պատվո պատվանդանի ավելի բարձր աստիճան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել