Միակ բարի գործը, որ մարդը կարող է անել այս կյանքում,
Քրիստոսին փնտրելն է: Ինչու
Մարդկանցից շատերը, երբ բարի գործ են անում, կամ սպասում են, որ դիմացիններն այդ մասին կիմանան, իրենց կգտնահատեն ու միշտ երախտապարտ կլինեն, կամ էլ՝ եթե սա չեն ուզում, ապա մտածում են, որ Աստուծո առաջ արդեն արժանիք ունեն եւ մի քանի այսպիսի գործերով արդեն Աստուծո Արքայության մեջ մի գեղեցիկ անկյուն արդեն ապահովեցին: Աշխարհն էլ արդեն այսպես է սովորեցնում՝ կամ գնահատանք, կամ էլ արժանիք:
Մինչդեռ մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ երբ դուք մի բարի գործ կատարեք, մի մտածեք, որ մի ինչ-որ ավել բան արեցիք, այլ երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ (Ղկ 17:11) Ափսոս, որ շատ քչերն են այսպես մտածում:
Բա լավ, ո՞րն է ուրեմն իսկական բարի գործը, որին մենք պիտի ձգտենք: Համաձայն ուղղափառ քրիստոնեության, միակ բարի գործը, որը մարդը կարող է կատարել այս կյանքում, դա Հիսուս Քրիստոսին անդադար ու առանց հոգնելու փնտրելն է: «Ձեր կյանքում փնտրե՛ք Քրիստոսին: Մի՛ հոգնեք այս միակ փրկող գործի վրա աշխատելուց: Փնտրե՛ք եւ հավիտենական ուրախություն գտեք Տիրոջով»,- գրում է ռուս սիրված վանական Իոան Կրեստյանկինը:
Կարդացեք նաև
Քրիստոսին այս կյանքում անդադար փնտրելը հենց ինքը ապաշխարությունն է, որի մասին մեր Տերը մեզ պատվիրեց: Մեր միտքը Քրիստոսի վրա դնելով եւ Քրիստոսով զբաղեցնելով՝ հեռացնում ենք այս աշխարհից ու միանում Քրիստոսի հետ: Սա միակ բարի գործն է, որ մարդը կարող է անել այս կյանքում:
Եթե այսպես չանեք, ապա ժամանակավոր հաճույքների, հոգսերի ու ձգտումների ետեւից գնալով՝ դուք կհեռանաք Աստծուց ու կմնաք չարի դեմ անպաշտպան: Դուք չեք կարող առանց Հիսուս Քրիստոսի հաղթել չարին ու լուծել ձեր կյանքի խնդիրները: Դուք չեք կարող առանց Հիսուս Քրիստոսի ապրել մշտապես:
Այս աշխարհի սովորության ետեւից գնալը, մարդկանց մեծամասնության ետեւից գնալը նշանակում է՝ հնազանդվել չարին: Եթե այսպես վարվեք, չարը կներգործի ձեր մեջ, քանի որ անպաշտպան կլինեք (Հմմտ. Եփեսացիս 2:2), քանի որ ձեր միտքը հեռացած կլինի Քրիստոսից: Դրա համար էլ, այս աշխարհը իսկական քրիստոնյա մարդկանց չի հասկանում, նրանց ծաղրում է ու կոչում «յանը տարած, կամ կտցրած»: Եվ դուք էլ վախենում եք իսկապես պատվիրաններով ապրել, որովհետեւ վախենում եք, որ ձեզ էլ այդպես կասեն ու կհամարեն: Եվ այսպիսով մարդը, չարից խաբվելով՝ մարդկային գնահատանքն ու արժանիքը համարում է ավելի, քան այն բարի գնահատանքը, որ գալիս է Աստծուց:
Սիրելի մարդիկ, կյանքում ոչ մի բանից մի վախեցեք, այլ միայն մեղքի մեջ մնալուց: Մեռնելը վախենալու չի, այլ Հիսուս Քրիստոսի առաջ չապաշխարած ու մեղքերով կանգնելն է սարսափելի: Մինչդեռ Աստված բացարձակ ՍԵՐ է եւ քանի դեռ դու ժամանակ ունես, կատարիր միակ բարի գործը քո կյանքի համար՝ առանց հոգնելու Հիսուս Քրիստոսին փնտրիր քո բոլոր օրերում ու ապրիր համաձայն այդ փնտրտուքից ծնված կյանքով:
Ես առաջ այսպես չէի մտածում: Թեեւ եկեղեցու ծառայող էի եւ հիմա էլ եմ, բայց սիրտս կուրացած էր: Փառք Աստուծո, որ համբերությամբ սպասում էր, թե երբ պիտի դառնամ ու փնտրեմ իրեն: Ոչ մի բանից մի վախեցեք, այլ միայն մեղքից ու կատարեք ձեր կյանքի միակ բարի գործը՝ առանց հոգնելու փնտրեք Քրիստոսին:
ԱՐՄԵՆ ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք Ֆեյսբուքի իմ էջին
«Առավոտ» օրաթերթ
15.12..2015