Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնախավի գործոնը

Դեկտեմբեր 16,2015 12:00

Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է
առանձին քաղաքական գործիչների ցանկությամբ

«Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, որովհետեւ ուզում է…»՝ մեկ տարուց ավելի կրկնվող այս բանաձեւը քաղաքական պայքարի կամ քարոզչության առումով միանգամայն կիրառելի էր: Վերլուծության համար նման մոտեցումն առանձնապես ոչինչ չի տալիս՝ քաղաքական գործընթացների տեսանկյունից մեկ գործչի մոտիվացիան թեեւ նշանակություն ունի (հաշվի առնելով, որ նա երկրի առաջին դեմքն է), բայց ամենակարեւոր գործոնը չէ: Ենթադրենք, ընդդիմադիրների ենթադրությունները կամ կասկածները ճիշտ են, դրանցից ամենեւին չի բխում այն, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իրենք են կանխատեսում, որովհետեւ ամեն ինչ չէ, որ Հայաստանում պայմանավորված է առաջին դեմքի ցանկությամբ:

Եթե խոսքը գնար, ենթադրենք, Հյուսիսային Կորեայի մասին, ապա, այո, երկրի ղեկավարի մոտիվացիան 100 տոկոսով վճռորոշ կլիներ: Ադրբեջանի, Ղազախստանի կամ Ռուսաստանի դեպքում այդ ցանկության իրականացման հնարավորությունը կարելի է գնահատել 70 տոկոս: Հայաստանի (Վրաստանի, Մոլդովայի) պարագայում դա առավելագույնը 50 տոկոսանոց գործոն է: Հեռու չգնալու համար բերենք հենց Հայաստանի օրինակը: 1996 թվականի ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում էր 5 տարի մնալ իր պաշտոնում, սակայն մնաց պակաս, քան մեկուկես տարի: 2008 թվականի ապրիլից հետո Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պահպանել իր վճռորոշ ազդեցությունը Հայաստանի քաղաքական եւ հատկապես տնտեսական կյանքի վրա, բայց տեղի ունեցավ սեփականության որոշակի վերաբաշխում, որից հետո երկրորդ նախագահը սկսեց խիստ ընդդիմադիր ելույթներ ունենալ:

Ինչպես տեսնում եք, առաջին դեմքերի ցանկությունները չեն իրականանում ոչ թե այն պատճառով, որ «ժողովուրդը դուրս է գալիս փողոց եւ տապալում է հանցավոր ռեժիմը»: Պատճառը շատ ավելի «երկրային է» եւ դրան (համենայնդեպս՝ վերլուծության դեպքում) պետք է վերաբերվել սառնասրտորեն. Հայաստանի նման երկրում վերնախավը նույնքան կախված է նախագահից, որքան նախագահը՝ վերնախավից:

Ես գրեցի «վերնախավ» եւ կանխատեսում եմ ընթերցողների արձագանքը՝ ի՞նչ վերնախավ, այդ տգետները, այդ անբարոյականները իրավունք չունեն «վերնախավ» կոչվելու, Լիսկայից Շմայսից, Թոխմախից ի՞նչ «վերնախավ» եւ այլն: Այդ հարցում, իհարկե, կան տարբեր մոտեցումներ՝ ոմանք «վերնախավ» («էլիտա») բառը հասկանում են ուղիղ իմաստով՝ որպես ընտրյալներ, լավագույններ, բարձր ինտելեկտուալ եւ բարոյական արժեքներ ունեցող մարդկանց: Բայց ես կդժվարանամ պնդել, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ, ասենք, Միացյալ Նահանգների իշխող վերնախավը համապատասխանում է այդ բարձր չափանիշներին: 20-21-րդ դարերում կարծես թե գերիշխող է այն տեսակետը, որ խոսելով «վերնախավի» մասին՝ պետք է զերծ մնալ գնահատողական դատողություններից: Տարածված ձեւակերպումներից մեկը հետեւյալն է. «Վերնախավը հասարակության բարձրագույն, հարաբերականորեն ներփակված խավն է, որը վերահսկում է հիմնական տնտեսական, քաղաքական եւ մշակութային ռեսուրսները»:

Հիմա դառնանք Սահմանադրության փոփոխությանը եւ փորձենք վերանալ պոպուլիստական դատողություններից, թե ով ինչի էր դրանով ցանկանում հասնել: 2017-ի մայիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ եթե անգամ նոր խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ունենա ՀՀԿ-ն, դա այլեւս չի լինի այն ՀՀԿ-ն, որը կա հիմա: Դարձյալ զերծ մնանք գնահատականներից՝ «ավելի լավը» կամ «ավելի վատը»՝ պարզապես նույն Շմայսերն ու Թոխմախներն իրենց կդրսեւորեն այլ ձեւով: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով՝ խորհրդարանի այդ կազմը հետագայում կիրականացնի բոլորովին այլ՝ շատ ավելի մեծ լիազորություններ, իսկ նախագահը մինչեւ 2018 թվականը ձեւականորեն կշարունակի իրականացնել իր հին լիազորությունները, որոնք, սակայն, անխուսափելիորեն կստանան նոր բովանդակություն: Դա անխուսափելիորեն կբերի որոշակի հակասությունների նույնիսկ միեւնույն կուսակցության ներսում: Էլ չասած, որ մնացած կուսակցությունները, մասնավորապես՝ Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն ընտրություններին կմոտենան ոչ այնպես, ինչպես մոտեցել են անցած հանրաքվեին, եւ կփորձեն ստանալ այնքան ձայն, որ ՀՀԿ-ն նրանց հետ լրջորեն բանակցի:
Այնպես որ՝ «ով ինչ է ուզում»՝ դա մի բան է, իսկ թե «ինչ է ստացվելու»՝ բոլորովին այլ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ձեր փաստրակներին հակադրաձում ը ոչ թե այն է, որ Շմայսը վերնախավ չէ /ինքնին այդ պնդումը ոչինի չի նշանակում բովանադակային առումով-հերթական Ձեր խորամանկ հնարն է/:
    Այլ այն թե ընդդիմույթան պայքարըր չի փոխել ուժերի հարաբերկացությունը իշխանության իսկ ներսում:
    Բացի այդ- համաձայն եմ որ Նախաձեռնող նախագահի Ուզելով չի-ուղղակի այս պարագայում նրա դիրքերը ուժեղ են: Չտեսնել ու մի տարի շարունակ կրկնել թե նրա դերը 50 տոկոս է-:
    կարծում եմ միամտությւն է:
    նրա դիրաերը հենց 70 են: )))

Պատասխանել