Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան համաժողովն իր ներդրումը կունենա ԱՌՆ գործընթացում

Դեկտեմբեր 15,2015 23:59

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 15-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի դահլիճում մեկնարկեց «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3-րդ միջազգային համաժողովը, որի այս տարվա խորագիրն է «Լրատվամիջոցները, հանրային իրազեկումը և Սենդայի աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը»: Կազմակերպիչներն են ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման կազմակերպությունը:

Համաժողովի ամբողջ ընթացքին հնարավոր է հետևել նաև առցանց տարբերակով` ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հղումով` https://mtaes.am/hy/news/item/2015/12/15/15.12.2015/:

Միջազգային այս հարթակը նպատակ ունի հանրայնացնել Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային ռազմավարությունները և ընդգծել հանրային իրազեկման ու լրատվամիջոցների դերն աղետների կառավարման բոլոր փուլերում:

Միջազգային համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի լրատվամիջոցների, քաղաքականություն կերտողների, համալսարանական ու գիտական կենտրոնների, միջազգային, հասարակական ու լրագրողական կազմակերպությունների համար քննարկելու այս ոլորտում աշխարհի լավագույն փորձն ու գաղափարները, ստեղծված արժեքները, հետագա զարգացումները, ինչպես նաև մասնակցել միջազգային աշխատանքային խմբի ձևավորման աշխատանքներին:
Արդեն ավանդական դարձած համաժողովին այս տարի նույնպես մասնակցում էին աշխարհում հայտնի հանրային ու մասնավոր լրատվամիջոցների, կրթական, գիտական և միջազգային կազմակերպությունների, բուհերի, պետական մարմինների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Սենդայի ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ այս տարի ավանդական դարձած համաժողովը տեղի է ունենում Սենդայի համաշխարհային մեծ համաժողովից հետո ու նաև նրա լույսի ներքո.
– Հիշողությունը, քաղած դասն ու համապարփակ ռազմավարությունը միայն կարող են պատվար լինել արհավիրքներին, ինչպես նաև բարությունը, գթասրտությունը և տուժածին ձեռք մեկնելու պատրաստակամությունը: Այսօր Հայաստանը, Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց, խորին երախտագիտությամբ է հիշում իրեն օգնության ձեռք մեկնած, իր կողքին կանգնած, իրեն վշտակցած երկրներին, կազմակերպություններին, ժողովուրդներին ու անհատ մարդկանց,- ասաց Ն. Գրիգորյանը:

Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին համաշխարահային արհավիրքների` երկրաշարժերի, ահաբեկչությունների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարության և նախարար Արմեն Երիցյանի անունից միջազգային համաժողովի մասնակիցներին ողջունեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը.

– Ես հուսով եմ, որ երևանյան համաժողովն իր զգալի ներդրումը կունենա թե′ Հայաստանում, թե′ ամբողջ աշխարհում Հյոգոյի ու Սենդայի գաղափարների տարածման, հանրայնացման ու իրականացման, ինչպես նաև լրատվամիջոցների ու աղետների ռիսկի նվազեցման բոլոր դերակատարների ներգրավման գործընթացում: Սպիտակի երկրաշարժ վերապրած, բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական ու պատերազմական վտանգների և սպառնալիքների ենթակա աղետաշատ մեր երկիրն իր առաջնային խնդիրներից մեկն է դիտարկում աղետների ռիսկի նվազեցումը: Մենք մեր մաշկի վրա ենք զգում, թե ինչ հսկայական կորուստներ ենք կրում ոչ միայն ինտենսիվ, այլև՝ էքստենսիվ աղետներից: Շատ զարգացող երկրներում դեռ չկա աղետներից ապահովագրման գործուն համակարգ, և այսպես կոչված փոքր, բայց հաճախ տեղի ունեցող աղետներն իրենց հետևանքներով զգալի բեռ են դառնում և′ պետական բյուջեի, և′ հիմնականում ոչ ունևոր քաղաքացիների համար,- իր խոսքում նշեց Վ. Տերտերյանը:

ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը փաստեց, որ Սպիտակի երկրաշարժը դարձավ աղետների դեմ պայքարում համախմբման ազդակ, և արդեն դրանից հետո ստեղծվեցին կառույցներ ու մշակվեց համապատասխան քաղաքականություն:

– Վերջին մի քանի տարիների ընթացքում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանն աննախադեպ առաջընթաց ապրեց ու հաջողություններ գրանցեց: Կանխատեսման, արձագանքման, մոնիտորինգի, աղետների ռիսկի նվազեցման հիմնական կառույցները մեկ հարկի տակ հավաքելով`ՏԿԱԻՆ-ը նախաձեռնեց աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի` ԱՌՆԱՊ-ի ստեղծումը, ԱՌՆ ազգային ռազմավարության մշակումը, միջազգային բոլոր զարգացումներին համաքայլ և երկրի կարիքներին համահունչ և համաչափ զարգացումը` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ու «911» ծառայություն, Գառնու դիտարան ու սեյսմիկ դիտացանց, սեյսմիկ ռիսկերի ու սողանքների կառավարման մեծ ծրագրեր, հակակարկտային ու Հիդրոմետ ծառայությունների հզորացում, համատեղ փրկարարական մարդասիրական արձագանքման կենտրոն, նոր՝ զրոյից օդանավակայան, նոր հայացք դեպի մարզեր ու հեռավոր համայնքներ,- շեշտեց Վաչե Տերտերյանը:

ՏԿԱԻՆ առաջին փոխնախարարը նաև փաստեց, որ ՀՀ 21 քաղաք արդեն միացել է «Դարձնենք քաղաքները դիմակայուն, իմ քաղաքը պատրաստվում է» քաղաքների դիմակայունության գլոբալ քարոզարշավին և ավելի քան 250 համայնքներում իրականացվել է վտանգների, խոցելիության և կարողությունների գնահատում, տեղում ԱՌՆ ուղղությամբ առաջարկների մշակում` կիրառելով տեղական մակարդակի ռիսկի կառավարման մեթոդաբանություն: Ըստ Վ. Տերտերյանի՝ ոլորտի համաշխարհային զարգացումները` արձագանքման մշակույթից աղետների ռիսկի նվազեցումով դեպի կանխարգելման մշակույթ անցնելը, անընդհատ ընդգծում են հանրային իրազեկման անկյունաքարային տեղն ու դերն աղետների ռիսկի նվազեցման և համայնքների ու պետությունների կայուն զարգացման գործընթացում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Մարգարետա Վալշտրոմը, որն առաջին անգամ է այցելում Հայաստան և եկել է հատուկ համաժողովին մասնակցելու համար, իր ելույթում համոզմունք հայտնեց, որ մենք պիտի շարունակենք ավելի ու ավելի շատ սովորել.
‐ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի բնակչության մի քանի սերունդ դեռևս շարունակում է դասեր քաղել այդ աղետից: Վաղ նախազգուշացումը, տարհանումն ու իրազեկվածությունը կարող են կյանքեր փրկել: Օրինակ` շատ դեպքերում վաղ նախազգուշացում ասելով մարդիկ միայն տեխնիկական միջոցներով հնչած ազդանշաններ են պատկերացնում, սակայն սա համալիր հասկացություններ է: Ազդանշանը լսելով` մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է անեն և ուր գնան, որպեսզի փրկվեն, ինչպես, օրինակ, եղավ Հայան փոթորկի դեպքում: Այնպես որ, անհրաժեշտ է մարդկանց կրթել և իրազեկել: Աղետների ռիսկերի նվազեցմանը պետք է նաև բազմակողմանի մոտեցում ցուցաբերել` չկենտրոնանալով միայն երկրաշարժի վրա ու հիշել, որ սողանքները, ջրհեղեղները, երաշտները նույնպես կարող են մեծ վնաս հասցնել: Հուսով եմ, որ այս համաժողովը կօգնի առավել շատ լրատվամիջոցներ ներգրավել ԱՌՆ գործընթացում:

Հաջորդիվ ելույթներ ունեցան և համաժողովի մասնակիցներին ողջունեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Տանյա Ռադոչայը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանը:

Միջազգային հեղինակավոր մարդասիրական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում շեշտեցին հանրային իրազեկման կարևորությունն աղետների ռիսկի նվազեցման գործում և ողջունեցին այս միջազգային համաժողովի անցկացումը` որպես ոլորտի խնդիրների քննարկման արդյունավետ ձևաչափ:

Համաժողովի ընթացքում անցկացվեց հեռուստատեսային կլոր սեղան-քննարկում «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) հաղորդակցություն. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին տեղական ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ լրագրողներ ու ԱՌՆ փորձագետներ Աֆրիկայից, Կոլումբիայից, Ֆիլիպիններից, Անգլիայից և այլ երկրներից:

Համաժողովի առաջին աշխատանքային օրվա հաջորդ նիստի թեման էին վաղ նախազգուշացման խնդիրներն ու հեռանկարները: Պակիստանի Գյուղական զարգացման քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Ամյադ Բհաթին հանդես եկավ առցանց զեկույցով՝ ուղիղ տեսակապի միջոցով ներկայացնելով «Աղետների հաղորդակցության հասկացությունները և հեռանկարները»:

Համաժողովն աշխատանքները կշարունակի դեկտեմբերի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031