Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հավաստմամբ՝ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կախված չեն ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններից: Այս առիթով հայաստանյան լրատվամիջոցների համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյմս Ապատուրայը մանրամասնեց. «Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս լարվածությունը ազդեցություն չի կարող ունենալ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Մենք հարգում ենք, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր հանրապետություն ունի իր անհատական անվտանգության քաղաքականությունը: ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ չէ ձգտել ՆԱՏՕ անդամակցության, դա կարելի է անել նաև ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, Չմիավորման շարժման կամ տարածաշրջանային համագործակցության այլ կազմակերպությունների անդամ լինելով կամ չանդամակցելով որևէ կառույցի: Այս համատեքստում գոհունակությամբ կարող եմ նշել, որ ժամանակ առ ժամանակ ՆԱՏՕ-ն կարող է հիմք տրամադրել Հայաստանի և Վրաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության համար: Սակայն նշված երկրների հետ մեր գործընկերային հարաբերությունները անհատական բնույթ ունեն: Օրինակ՝ Հայաստանի պարագայում հիմնական փաստաթուղթը Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրն է»:
Ջեյմս Ապատուրայը հիմնավորեց, թե ինչու ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող ազդեցություն ունենալ մյուս գործընկերների հետ՝ ՆԱՏՕ-ի հարաբերություններում ու նշեց. « Օրինակ՝ Հայաստանի հետ ծրագիրը համաձայնեցվել է նաև Ադրբեջանի հետ այն ժամանակ, երբ Վրաստանի դեպքում մենք ունենք այլ մեխանիզմներ՝ հաշվի առնելով նրա անդամակցության հեռանկարները: Բոլոր այդ գործընկերային հարաբերությունները հավանության և աջակցության են արժանացել մեր 28 գործընկերների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, նրանցից յուրաքանչյուրն իր հերթին ունի սեփական առանձնահատկություններն ու տրամաբանությունը: Իսկ դա նշանակում է, որ այդ հարաբերությունները կախված չեն ՌԴ-ի հետ մեր հարաբերություններից»:
Դառնալով հայկական խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությանը ՆԱՏՕ-ի գործողություններին՝ պարոն Ապատուրայը այն բարձր գնահատեց ու նշեց. «Դրանք շոշափելի են ինչպես Կոսովոյում, այնպես էլ Աֆղանստանում: Ձեր ներդրումն այս գործողություններում, ինչպես նաև Մալիում և Լիբանանում, իրականում շոշափելի ներդրում է միջազգային անվտանգության մեջ»: Այս առիթով պարոն Ապատուրայը հիշեցրեց, որ աշնանը հայ խաղաղապահները ստացել են ՆԱՏՕ-ի ամենաբարձր որակի ստանդարտացման հավաստագիր (COS 2-րդ մակարդակի գնահատական): ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը փոխանցում է, որ մտադիր են շարունակել ռազմական աջակցությունը, հատկապես աջակցել ՀՀ-ի ջանքերին՝ զինված ուժերում կանանց ներգրավելու հարցում:
Դիտարկմանը՝ ռուս-թուրական հարաբերությունների լարվածությունից հետո որոշ փորձագետներ չէին բացառում, որ ռազմական առումով լարվածության մեծացման պարագայում Հայաստանը և ՀՀ-ում ռուսական ռազմաբազան կարող են դառնալ Թուրքիայի թիրախ և արդյոք նման սցենարը հավանական է և ի՞նչ քայլեր կձեռնարկի ՆԱՏՕ-ն, պարոն Ապատուրայն արձագանքեց. «Կարծում եմ նման սցենարը հիմքեր չունի իրականանալու: Իհարկե, մենք Թուրքիայի ինքիշխանության պաշտպանությանը և նրա օդային տարածքի պաշտպանությանը աջակցում ենք: Ալյանսը նաև Թուրքիայի կողքին էր, երբ ռուսական ռազմական օդանավը ներխուժեց նրա օդային տարածք: Միևնույն ժամանակ նման միջադեպերը ընդգծում են պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների անհրաժեշտությունը, որպեսզի հետագայում նման միջադեպերից խուսափենք»:՛
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ