Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես:
Ազգային պատկերասրահում թերլեմեզյանական հինգ տասնյակ կտավներ ներկայացված են մշտական ցուցադրության, իսկ հոբելյանի առթիվ դրանց թիվն ավելացել է ևս հարյուրով, որոնք զետեղվել են կտավների մայր պահոցի չորս սրահներում: Այսպիսով՝ արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 150 աշխատանքներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են ամբողջական ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին՝ ցուցադրելով տարբեր տարիների արված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:
Այդ աշխատանքներից բացի, ցուցադրության են հանվել նաև Փ. Թերլեմեզյանի որոշ անձնական իրեր և նրան վերաբերող արխիվային նյութեր:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ Փ. Թերլեմեզյանի արխիվային նյութերը բավականին շատ են. «Նա հետևողականորեն պահել է ամեն ինչ՝ լուսանկարներ, նամակներ և այլն»:
«Թերլեմեզյանի նման նկարիչներն իրենց հոգեկան ապրումներով կապված են ժողովրդի և հայրենիքի ազատության հետ,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- Թերլեմեզյանը կարևոր դերակատարություն է ունեցել ոչ միայն հայ արվեստի, այլև պատմության մեջ: Նա 1915-ի Վանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպիչներից էր»:
Արվեստագիտության թեկնածու Մերի Կիրակոսյանն ուսումնասիրել ու մենագրությամբ ներկայացրել է Թերլեմեզյանի կյանքն ու ստեղծագործությունը: «Թերլեմեզյանի բազմաժանր ժառանգության մեջ առանձնանում են հատկապես ռեալիստական բնապատկերները: Կարծում եմ՝ նկարչի գեղարվեստական տարերքն արտահայտվում է բնանկարային աշխատանքներում»,- ասում է Մերի Կիրակոսյանը:
Հավելենք, որ Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 15-ը: Առաջիկայում պատրաստ կլինի նաև նրա գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներն ամփոփող պատկերագիրքը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ