Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է սկսվել

Դեկտեմբեր 15,2015 21:59

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը համարել է քաղաքական հետապնդում:

«Վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Վանաձորում եղել են ամենալավ ընտրությունները: Վանաձորում, փաստորեն, ընդհանրապես կեղծիք չի եղել, եւ պատահական չեմ համարում, որ հենց հանրաքվեից հետո Վանաձորի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է հենց այն պատճառով, որ նա ոչինչ չի արել ընտրությունները կեղծելու համար»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:

Aravot.am-ը քաղաքապետ Սամվել Դարբինյանից հետաքրքրվեց՝ արդյոք իսկապես նրա դեմ հարուցված քրեական գործը հանրաքվեի օրը  «վատ» աշխատելու ու պարտության արդյունք էր: «Քաղաքական հետապնդում դա չի կարող լինել: Դա ընդհանրապես կապ չունի ընտրությունների հետ: Ոչ էլ քաղաքապետի վրա է քրեական գործ  հարուցված: Ինչ-որ մեկի բողոքի հիման վրա ընդամենը գործ է հարուցված, բայց դա քաղաքապետի վրա չէ: Ընդամենը պետք է քաղաքացու բողոքը հետաքննության ընթացքում պարզաբանվի»,- ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել թիվ 1 երթուղին: Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա  քր.գործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031