Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից հեռացված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանի արդեն նախկին աշակերտները պահանջում են նրա վերադարձը: Այդ նպատակով նրանք այսօր նախաձեռնել էին բացօթյա ասուլիս:
«Չենք ուզում առնչվել քաղաքականությանը, իր կոլեգաների հետ հարաբերություններին, ուղղակի մենք տխուր ենք: Ինձ համար ընկեր Փաշոյանն առանձնացել է մնացած ուսուցիչներից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց աշակերտուհիներից Էլեն Տիգրանյանը:
«Մենք իր բոլոր դասերը սովորում էինք միշտ և ցանկանում ենք, որ ինքը ետ վերադառնա»,-ասաց Վոլոդյա Հարությունյանը:
«Ընկեր Փաշոյանը սովորեցրել է ամենակարևորը. մարդ լինել: Իրենից շատ բան ենք սովորել: Ես 6, 7-րդ դասարանում չեմ սիրել պատմություն, 8-րդ դասարանից հենց ինքը եկել է, ես սիրել եմ այդ առարկան: Ինքն իմ ավագ ընկերն է եղել և միշտ էլ իր կողքին ենք լինելու»,-նշեց Էրիկ Սահակյանը:
Նա նշեց, որ ուսուցչից խնդրել է իրեն տալ հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ը խորհրդանշող թղթերից, սակայն Կարպիս Փաշոյանը հրաժարվել է՝ նշելով, որ դեռ աշակերտ է և քաղաքական նման խնդիրների չպետք է խառնվի:
«Ինձ համար նա ոչ միայն ուսուցիչ էր, այլ հոր պես էր»,-շեշտեց Նարեկ Փանդունցը:
Իսկ 9-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Եղոյանը հարցին, թե ինչպե՞ս են ուսուցչի աշխատանքից հեռանալը բացատրել իրենց, նշեց. «Մեզ ասել են՝ շատ զբաղված էր, չէր հասցնում դասերի, ուսման հետ համատեղել»:
Փոխտնօրեն Սուսաննա Համբարյանն էլ անձամբ հրահանգել էր դպրոցի աշխատակիցներին կողպել դուռը և սկզբում որևէ բացատրություն չտվեց՝ կապված ուսուցչի հեռացման հետ: Իսկ տնօրենի հետ հանդիպում, ըստ նրա՝ հնարավոր չէր, քանի որ վերջինս զբաղված է: Ավելի ուշ տիկին Համբարյանը տեղի տվեց բացատրություն տալու հորդորին և «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ է պարոն Փաշոյանը հեռացվել աշխատանքից, նշեց. «Չի հեռացվել Փաշոյանն աշխատանքից, դիմում է գրել, գնացել է: Քաղաքական հայացքների համար եթե գնալու լիներ, կգնար վաղուց: Պարբերաբար, ամեն օր դասերից ուշացել է: Փաշոյանի խոսքի դեմ խոսք կա, չէ՞: Փաշոյանը պնդում է, թե 4-5 րոպե է ուշացել դասերից, զբաղվածություն ունի: Առաջին ժամ 8:30 դաս ունի, զբաղվածությունը ո՞րն է»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ: