«Պետք է լինի իրական քաղաքական կամք, որ մարմինը արդյունավետ աշխատի»,- դեկտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով աշխատաժողովի ընթացքում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հահակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով յոթ մահացու մեղքերի մասին, որոնք բերում են հակակոռուպցիոն մարմինների անարդյունավետ գործունեությանը:
Նա նշեց, որ հաջորդ խնդիրը տնտեսական է, որը առաջին հայացքից ռեսուրսների անբավարարություն է, բայց կան նաեւ ավելի լուրջ տնտեսական հարցեր, թե որքանով է կառավարելի տնտեսությունը քաղաքական վերնախավի կողմից: Մյուսը կառավարման խնդիրն է. «Եթե երկրում հիմնական այն մարմինները, որոնք հիմքն են այդ մարմնի՝ գործադիր, օրենսդիր եւ այլն, դրանք ընկալվում են որպես կոռումպացված, քիչ հավանական է, որ այդպիսի համակարգում անկախ մարմինը զերծ մնա այդպիսի խնդիրներից: Իրավական խնդիրը՝ առաջին հերթին սա ոչ լիարժեք իրավական եւ դատական համակարգ է, այսինքն՝ օրենքների այն համակարգը, որն առկա է երկրում, պետք է իսկապես ադեկվատ նախապայման լինի, որպեսզի այդպիսի անկախ մասնագիտացված մարմինը գործի: Բացի դրանից՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, որ այդ խնդիրը լուծվի»:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կազմակերպչական տեսանկյունից խնդիրներ են հանդիսանում անհամապատասխան կազմակերպչական կառուցվածքային լուծումները: Մյուսը կատարողական մեղքն է. «Սա նրանում է կայանում, որ երբ ստեղծվում է մարմին, լինում է երկուսից մեկը, առաջինը՝ մարդկանց մոտ սկսվում են սպասելիքներ, որ ահա, ստեղծվեց այս մարմինը, եւ նա ամեն ինչ կլուծի, հետո պարզվում է, որ այդ մարմինը որեւէ լուրջ բան չի ստեղծում: Այստեղ առաջանում է շատ լուրջ ապատիա եւ անտարբերություն. նույնիսկ այս մարմինը չկարողացավ նորմալ աշխատել: Մյուս ծայրահեղությունն էլ կա, երբ մենք ունենք շատ անտարբեր, ապատիայի մեջ ընկղմված հասարակությունը, այդ հասարակությունը հերթական մարմնի ստեղծումը կդիտարկի որպես հերթական կոռումպացված մարմին, նույնիսկ ավելի ցինիկ մոտեցում՝ կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը կլինի հերթական կոռումպացված կառույց: Եվ եթե չկա հավատ, սա շատ վտանգավոր է, այսինքն՝ պետք է լինի որոշակի հետաքրքրություն հասարակության մեջ»:
Նա առանձնացրեց նաեւ հանրային վստահության խնդիրը. «Եթե իրազեկություն չկա, եթե այդ մարմինը չի իրազեկում իր գործունեության մասին ադեկվատ կերպով, եթե նրա մասին քիչ գիտեն, ապա որեւէ լուրջ հարց չի առաջանա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ