Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այսօրվա հերթական տեղեկատվական հավաքը սկսեց՝ հիշելով իր տատիկին, որի ծննդյան օրն է այսօր: Այնուհետև հիշատակեց թշնամու վախկոտ փամփուշտներից զոհված հայորդիներին ու խոսեց այդ դեպքերի կանխարգելման մասին. «Մեդալը մեդալ, բայց մեզ պետք չեն հետմահու մեդալներ, այլ պետք է երկար կյանք, զուլալ ծառայություն, որ ոստիկանը, զինվորը երկար ծառայեն, այլ ոչ թե ուղղորդվեն կարուսելի ու կեղծիքի»:
Դառնալով միջազգային դաշտում ՀՀ-ի վերջին պարտություններին, մասնավորապես ԵԽԽՎ-ում՝ պարոն Հովհաննիսյանը նկատեց, թե դեկտեմբերի 6-ից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հավասարության նշան է դրված, ու ի՞նչ ենք պահանջում մեր պատվիրակներից, երբ մեր վարկանիշը դարձել է զրո: Դառնալով Զարուհի Փոստանջյանի՝ խաղատան գումարներին վերաբերող Սերժ Սարգսյանին ուղղված հարցին ԵԽԽվ-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հիմա Սարգսյան Սերժին կտայի այն հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ այն մարդը, որ իրեն նվիրեց արցախյան դատին, քսան տարվա ընթացքում դարձավ բռնապետ, հարուստ վախկոտ, որը գողացավ իր ժողովրդի ձայնը, ով զինվորին տանում է զոհողության, ոստիկանին անիրավ հրահանգներ է տալիս»:
Այնուհետև հայտարարեց, թե ժողովուրդը նրան այս շաբաթ հեռանալու հնարավորություն է տալիս, հակառակ դեպքում ուրբաթ կասեն այն մասին, ինչը հիմա չեն հայտարարում: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց առաջիկա մարզային այցելությունների մասին: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը և Ժիրայր Սեֆիլյանը կլինեն Սյունիքում՝ ժամը 11.00-ին, Կապանի մշակույթի տան դիմաց, հրավիրում են նաև Սուրիկ Խաչատրյանին: Գորիսում կլինեն ժամը 14.00-ին, Սիսիանում՝ 15.30-ին, Եղեգնաձորում՝ 17.30-ին: Դեկտեմբերի 17-ին պլանների մասին պարոն Հովհաննիսյանն ասաց. «Կլինենք շտաբի պետ, հանցագործ պետական ծառայությունը կուսակցական նվիրվածության հետ շփոթած Հովիկ Աբրահամյանի տեղը. Արտաշատի թատրոնի դիմաց երթ կկատարենք: Արմավիրում կլինենք 14.30-ին, 16.30-ին՝ Թալինի հրապարակում: Ուրբաթ 17.00-ին մեծ հանրահավաք կանցկացնենք Ազատության հրապարակում»:
Դեկտեմբերի 19-ին կլինեն Աբովյանում, Հրազդանում՝ 12.30-ին, Կապանում, 15.30-ին՝ Մարտունիում, Իջևանում՝ 17.30-ին: Դեկտեմբերի 20-ին «Նոր Հայաստանը» կլինի Աշտարակում՝ 11.00-ին, Ապարան երթ կանցկացնի, Սպիտակում կլինի 13.00-ին, Վանաձորում՝ 14.30-ին, Գյումրիում՝ 17.00-ին: Ամփոփելով խոսքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, մարզպետները, քաղաքապետերը, մանր ու մեծ կուսակցապետերը, շտաբի պատասխանատուն դեռ հնարավորություն ունեն ինքնակամ հրաժարական տալու, քանի դեռ շարժումը հանդուրժող է, համբերատար: Իմ փափուկ լեզվով ու առոգանությամբ առաջարկում եմ. սա է ժամը ինքնակամ հրաժարական տալու և փրկելու սեփական դեմքը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ է ասելու Սուրիկ Խաչատրյանին, որ հրավիրում է Կապանի մշակույթի տան բակ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը հանցագործություն է կատարել: Սա հերոսություն, մաչոյություն, տղամարդկություն չէ: Հերիք է, որ վախկոտներն անվախներին վախեցնեն, դրա համար ոչ պետք է ասենք վախկոտին և պիտի առաջարկենք, որ ինքնակամ հեռանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ