«Եվրոպական երկրներից շատերը Հայաստան են գալիս այնպիսի տպավորությամբ, թե գավառական մի երկիր են գալիս, որտեղ արվեստ չի կարող լինել: Բայց գալիս են ու հասկանում, որ սխալվել են»,- ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս):
Նկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ նկարչությունը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է. «Ճիշտ է, խոչընդոտներ կան՝ կապված նաև ցուցահանդեսների տարածքների, ջեռուցման և այլնի հետ, սակայն, անկախ ամեն ինչից, նկարիչը մնում է նկարիչ և իր գործն է անում՝ ստեղծագործում է։ Կյանքը կանգ չի առնում, և այդ ընթացքում ամեն մեկը պետք է կարողանա ինքնուրույն հարթել իր ճանապարհը, որքան էլ դա դժվար լինի»,- ասաց Հ. Թադևոսյանը:
Խորհրդային տարիներին մերժված լինելու պատճառով նկարիչը շուրջ 20 տարի (1968-1988 թթ.) չի ստեղծագործել, իսկ երբ վերսկսել է, մեկ տարվա ընթացքում մոտ 380 նկար է արել. «Ոչինչ չէի նկարում, մտածում էի՝ հնարավոր չէ, որ այդքան մարդ սխալվի: Մյուս կողմից էլ զգում էի, որ ավելի թույլ գործեր էին ցուցադրվում, բայց ի զորու չէի որևէ մեկին ապացուցել: Բացի այդ, ինձ թույլ էլ չէի տա այս կամ այն նկարչին վատաբանել»,- ասաց Հ. Թադևոսյանը:
Նկարել նորից սկսել է ընկերների հորդորով. «1989-ին Ժուռնալիստների տանը ցուցահանդես բացվեց: Նկարիչների միությունից էլ ներկայացուցիչներ կային: Հարցրին՝ դու ո՞ր երկրից ես եկել: Զարմացա՝ ինչո՞ւ: Ասացին՝ քո աշխատանքները չենք տեսել: «Որտե՞ղ պիտի տեսնեիք, եթե բոլոր ցուցահանդեսներից հանում գցում էին դուրս»,- պատասխանեցի ես: Հետո 1991 թվականին առաջարկեցին Նկարիչների միությունում ցուցահանդես ունենալ: Այդպես քիչ-քիչ ընդունվեց իմ գործը»,- պատմեց նկարիչը:
Կարդացեք նաև
Հ. Թադևոսյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Արվեստում նա գնահատում է վայրի ազատությունը, որն էլ փորձում է փոխանցել իր ուսանողներին. «Հրաշալի, բանիմաց երիտասարդներ ունենք այսօր: Եթե 25 հոգանոց խմբում 4-5 լավ ուսանողներ են լինում, արդեն շատ լավ է, բայց մեզ մոտ կարող են 7-8-ն էլ լինել»,- ասաց նա:
Իսկ նոր նկարի գաղափարը կարող է ծնվել ամեն մի մանրուքից. «Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ դաժան բան է, երբ դիմացդ սպիտակ թուղթ է, և դու պետք է լցնես այն… Լինում է, որ թեկուզ վերևի հարկից կաթկթում է, և պատին, առաստաղին առաջացած նախշերից ծնվում է մի միտք։ Հաջորդ պահին արդեն գիտես՝ ինչ պիտի անես»,- ասում է նկարիչը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ