«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով:
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել և մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Նախագծի իրականացման ընթացքում օգտագործվել են միջազգային չափանիշներին համապատասխան առաջատար տեխնիկական լուծումներ և տեխնոլոգիաներ, ինչը բացառում է ցանկացած խանգարումներ բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքում էներգամատակարարման խափանման ժամանակ: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից և ապահովում են ավտոնոմ աշխատանք:
Տվյալների մշակման կենտրոնի ստեղծումն իրականացվում է մի քանի փուլերով և բանկից զգալի ներդրումներ է պահանջում: Յունիբանկի կենտրոնն առանձնանում է իր շարժականությամբ և ֆորս մաժորային իրավիճակներում կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Ներկայումս Յունիբանկն իրականացնում է թեստային փորձարկումներ: Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016թ.-ի փետրվար-մարտ ամիսներին:
«Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ Յունիբանկը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը, հնարավորություն ստանալով մեծ ծավալների տեղեկատվության ապահով պահպանման և մշակման համար», – նշեց Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: