Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ՝ ԱԺ-ում. Փոստանջյանը ՀՀԿ-ի խորհրդանշանը թարս հանեց ու հայտարարեց «Լիսկային» Սյունիքից հանելու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 17:00

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ զինանշանի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ամբիոնին մոտեցավ ՀՀԿ-ի տարբերանշանը ձեռքին եւ սկսեց մեկնաբանել. «Ամեն ինչ իր մոտ թարս է պտտվում: Եթե սա հավերժության խորհրդանիշն է, ապա հավերժության խորհրդանիշը չի կարող թարս լինել: Հասկանալի է, որ թարս ձեւակերպումն ու թարս խորհրդանիշն ունենալու է նաեւ թարս ընթացք: Թարս է ընթանալու ամեն ինչ, իսկ ամեն ինչ՝ ինչ թարս է, ունենալու է սխալ ընթացք եւ վախճան»:

Երբ դահլիճից ՀՀԿ-ականները սկսեցին բողոքել՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ձեր խորհրդանիշը հիմա պետք է համեմատեմ ՍՄԿԿ-ի հետ: ՀՀԿ-բոլշեւիզմ համադրությունն է գնում: Դեկտեմբերի 6-ին դուք ապացուցեցիք, որ չեք պատրաստվում հեռանալ, բոլշեւիզմի միջոցով ուզում եք մնալ: Բայց կան մարդիկ, ովքեր ձեզ չեն հանդուրժում: Ձեր խորհրդանիշը, որը թարս է եւ հուշում է ֆաշիստական խորհրդանիշը, այս խորհրդանիշը պետք է վայր դրվեն: Այս խորհրդանիշները պարտված խորհրդանիշներ են»:

Նա ասաց, որ դեկտեմբերի 6-ը մեզ համար քաղաքակրթությունների բախում էր. «ՀՀԿ-ն, որը հարձակվում էր, լցոնում էր կատարում, ծեծում էին, 9-րդ ձեւեր էին բաժանում, կեղծում էին, սպառնում էին, գումար էին բաժանում, տեղամասից հանում էին վստահված անձանց: Սա ՀՀԿ-ին բնորոշ մշակույթն էր, որը բախվեց մեր ինքնության հետ, որը չի կրում այս ձեր թարս խորհրդանիշը»:

Դահլիճից ՀՀԿ-ականներից մեկը հակադարձեց, թե թարսը ո՞րն է: Զարուհի Փոստանջյանն էլ բացատրեց, որ ճիշտ չի պտտվում, սխալ խորհրդանիշ է. «Հանրությունը չի ընդունում այդ լիսկաբոլշեւիկյան վայրագությունը»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որը վարում էր նիստը, փորձեց միջամտել ասելով, որ որեւէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չանի: Զարուհի Փոստանջյան էլ հակադարձեց, թե որեւէ մեկին չի վիրավորում, անձանց չի դիպչում. «Որեւէ մեկն ո՞վ է, Լիսկա՞ն է»:

Իր ելույթի վերջում Փոստանջյանը հայտարարեց, որ վաղը գնում են Սյունիքի մարզ. «Գնում ենք Լիսկայի…հյուր չենք գնում, գնում ենք ասելու, որ իր վայրագությունը չենք ընդունում եւ գնում ենք նրան դուրս հանենք Սյունիքի մարզից: Ժամը 12.00-ին լինելու ենք Սյունիքում: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, գալիս ենք քեզ Սյունիքի մարզից դուրս հանելու: Հետո գնալու ենք Եղեգնաձոր»:

Հերմինե Նաղդալյանը անջատել տվեց պատգամավորի խոսափողը՝ ասելով. «Դուք չեք կարողանում ըմբռնել, որ պետք է որեւէ մեկին չվիրավորեք: Դուք կորցրեցիք ձեր խոսելու իրավունքը: ՀՀԿ-ն որեւէ մեկի վրա չի հարձակվում, դուք իրավունք չունեք նման հայտարարություն անեք: Մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր ա, իսկ ձեր արածը առնվազն ցինիզմ ա»:

Ըստ Հերմինե Նաղդալյանի, հանրաքվեին ոչ մի նման բաներ էլ չի եղել, ինչ Փոստանջյանն ասաց, դա միայն Փոստանջյանի ցանկությունն է, չի եղել, դրա համար էլ նա իրեն այդքան վատ է զգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031