Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Ամեն ինչ բարդվելու է պատահական բռնված արջերի վրա»

Դեկտեմբեր 15,2015 16:52

Իրավապաշտպանների կարծիքով՝ ՀՀ ոստիկանության՝ հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրախախտումների վերաբերյալ հետաքննության անցկացման մասին հայտարարությունները հիմնականում արևմտյան կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան բավականին կոշտ հայտարարության արդյունք են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե առանձին էպիզոդներով քրեական գործերի նույնիսկ արդյունավետ քննությունը էական նշանակություն չի կարող ունենալ խախտումների ամբողջական պատկերը բացահայտելու տեսանկյունից:

Saqunc

Նա պնդեց. «Տեղի է ունեցել կազմակերպված լցոնում՝ 60-70 տոկոս ավելի քվեարկությանը մասնակցած ցուցակներից: Ես պնդում եմ, որ դա այդպես է, իրենք պետք է դա ստուգեն, որով կբացահայտեն ընտրախախտումների կազմակերպված բնույթը»:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ հանրաքվեի հաջորդ օրը հաղորդում են տվել գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չկա: Այս առիթով նա ասաց. «Թող ստուգեն և հերքեն, իսկ եթե չեն ստուգում, նշանակում է՝ կոծկում են հանցագործությունը: Լցոնումները կոնկրետ չափելի միավորներ են, եթե քվեարկությանը մասնակցել է ենթադրենք 1.300.000 մարդ, իսկ 300.000-ը լցոնում է եղել, ուրեմն դա ազդել է քվեարկության պատկերի վրա: Ես հայտարարել եմ, որ սուտ մատնության համար պատրաստ եմ նստել, եթե ստուգեն ու պարզվի, որ այդպես չէ»:

Դառնալով արջի ծառայություններ մատուցելու մասին հայտարարություններին՝ պարոն Սաքունցն ասաց. «Կեղծիքների կազմակերպված բնույթը չպետք է փոխակերպվի առանձին անհատների կողմից արջի ծառայության մատուցման ձևակերպմամբ: Ես պնդում եմ, որ կազմակերպված բնույթ են կրել լցոնումները, թող ստուգեն ու հերքեն, որ նման բան չի եղել»:

Silva_Gyulumyan

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը ձեռնպահ մնաց հանրաքվեի անցկացման վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ և հիմնավորեց. «Ես ՍԴ դատավոր եմ, և շատ հնարավոր է՝ դա դառնա ՍԴ քննարկման առարկա, եթե այսօր կարծիք հայտնեմ, ապա վաղը այդ գործով իրավունք չեմ ունենա ներգրավվելու»:

Avetik_Ishxanyan

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի տպավորությամբ՝ գուցե մի քանի հոգի ձևական պատժվեն, որ միջազգային կառույցներին ցույց տան, թե աշխատում են: Սակայն, ըստ նրա, եթե իսկապես լուրջ հետաքննություն լիներ և իրավապահները ոչ թե ցուցում կատարեին, այլ իրոք հետաքննեին գործը, ապա հանրաքվեն պետք է անվավեր ճանաչվեր:

Հետաքրքրվեցինք՝ նոր քաղաքական մշակու՞յթ է ձևավորվում արջի ծառայություն մատուցելու անվան ներքո պատասխանատվությունը ընտրակեղծիքների իրական պատասխանատուների վրայից գցելու առումով, պարոն Իշխանյանն արձագանքեց. «Այդ բառը չեմ սիրում, բայց այն լսել եմ դեռ 1998-ի ընտրությունների ժամանակ: Այդ արտահայտությունը հիմա բոլորը մեկը մյուսի հետևից լուրջ դեմքերով կրկնում եմ: Այս առիթով ես հիշում եմ Մյունհաուզենի հայտնի ֆիլմը, որտեղ ասում է, թե բոլոր հիմար որոշումները կայացվում են դեմքի խելոք արտահայտությամբ: Ուղղակի տխուր է այդ լուրջ արտահայտությամբ մարդկանց դեմքերին նայելը: Իրականում ավելի շատ արջերն աշխատել են նրանց ցուցումներով և այն տեղամասերում, որտեղ դիտորդներ չեն եղել, և նրանք մնացել են անվնաս: Իսկ այն արջերը, որոնք պատահական բռնվել են, դրանց վրա է մեղքը բարդվելու: Բայց թող չանհանգստանան, ձևական է լինելու պատիժը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031