Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարաններում աղավաղում են մեր զինանշանը՝ առյուծը կարծես թռչում է, արծիվը՝ սողում». Փոստանջյան

Դեկտեմբեր 15,2015 16:41

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց, որ նախագծով կառավարությանն ուզում են լիազորություն տալ սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման տեխնիկայի ընդհանուր պահանջները՝ գունային գամմաները, տարածական, գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունը: Ըստ փոխնախարարի, խորհրդանշանները մտածված, հավերժական ճշմարտություններ են, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում որոշակի տեղեկություններ եւ պարունակում են արժեքներ: Զինանշանի օգտագործումը ցուցիչ է, թե որքանով են հարգում իրենց երկրի պետական խորհրդանիշները: Որպես ազգ, մենք, որ դարերի ընթացքում կերտել ենք մեր ազգային մոտեցումները, պետք է առավել թանկ լինի սա մեզ համար. «Սա հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը լրացուցիչ օգտագործման ժամանակ լրացուցիչ պայմաններ նաեւ սահմանել: 2011-ին ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում էր պետական խորհրդանիշների հանրահռչակման դրույթները: Գործող օրենքում զինանշանի պետական ստանդարտ գոյություն չունի: Այսօր համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, համացանցում, կնիքներում շատ ժամանակ օգտագործվում է մեր զինանշանը եւ ունենում է շատ ժամանակ տարբեր գունային գամմաներ, ոչ ներկայանալի է լինում»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ հուշանվերների վրա զինանշանի օգտագործումն է՞լ է հսկողության տակ, թե՞ ցանկացած անձ կարող է պետական խորհրդանիշն օգտագործի ըստ ցանկության:

Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքը սահմանում է, թե որ դեպքերում կարող են օգտագործել զինանշանը: Հատուկ կարգ կա, թե ինչպես այն օգտագործել հուշանվերային արտադրության համար:

Միքայել Մելքումյանն ասաց, որ հրճվանք է ապրում, երբ տեսնում է, որ որոշ առանձնատների վրա դրոշ ու զինանշան են փակցնում: Փոխնախարարն էլ արձագանքեց, որ դա խրախուսելի է, որովհետեւ հայրենասիրության դրսեւորում է: Բայց փաստն այն է, որ այլ երկրներում ավելի շատ են կարեւորում եւ օգտագործում իրենց պետական խորհրդանիշները:

Թեւան Պողոսյանը հարցրեց՝ նրանք, ովքեր կխախտեն զինանշանի օգտագործման կանոնները, ի՞նչ պատիժ են կրելու: Քիչ չեն դեպքերը, երբ տեսնում ես, որ դրոշակը կախված է, անձրեւից, արեւից ու քամուց գույները փախել ե,ն ո՞վ է պատասխանատու լինելու դրա համար:

Փոխնախարարը պատասխանեց, որ կառավարության կարգի ընդունումից հետո բավականին լուրջ աշխատանք ունեն անելու՝ տարածելու ճիշտ էտալոնային տարբերակները եւ կանխարգելելու սխալ օգտագործումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց,որ ինքը մեր զինանշանի աղավաղման 2 դեպքի է հանդիպել. «Դա դատարաններում մեր զինանշանի գույներն են՝ արծիվը եւ կապույտ գույնը փոխված է լինում կարմիրով, իսկ առյուծինը կարմիրով: Այնպես է ստացվում, որ առյուծը կարծես թե թռչում է, իսկ արծիվը սողում է: Դա ունի իր նշանակությունը, հենց այնպես չեն ընտրել կարմիրն ու կապույտը: Երկրորդ դեպքն այն է, որ երբ Թուրքիայի հավաքականը պետք է այստեղ՝ Երեւանում խաղար, մեր զինանշանից հանել էին Արարատը: Մեր դատարաններում համատարած փոխված են զինանշանի գույները, մեր անձնագրերում նույնպես սխալ էր տպագրված՝ կարմիրը կապույտի փոխարեն էր: Երբ հանում են Արարատը կամ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ գույները խախտում են, այդ մարդիկ պետք է պատժվե՞ն, թե՞ ոչ»:

Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ իրենք էլ են մի քանի տեղ նկատել, որ գույների տեղը խախտել են: Հիմա կլինեն էտալոնային տարբերակներ եւ կհետեւեն. «Պետական զինանշանի աղավաղումը օրենքի խախտում է»:

Փոստանջյանը հարցրեց՝ երբ զինանշանից հանեցին Արարատը, դուք ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք: Փոխնախարարը պատասխանեց, որ չգիտի նման դեպք. «Եթե ինչ-որ մաս հանվի զինանշանից, այդ դեպքում դա չի լինի զինանշան: Իսկ զինանշանի խիստ նմանությամբ նմանակումը օրենքով չի թույլատրվում: Պատկան մարմինները պետք է միջամտեին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031