Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

Դեկտեմբեր 15,2015 16:33

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար ներկայացնելու համար:

Հայաստանի առաջին արտգործնախարար ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի գործադիր պրոդյուսերությամբ, հանրահայտ Սիմոն Աբգարյանի եւ Անժելա Սարաֆյանի գլխավոր դերակատարությամբ եւ Սերժ Թանկյանի ինքնատիպ երաժշտությամբ ստեղծված այս ֆիլմը տուրք է 1915թ. Հայոց ցեղասպանության ժառանգությանը: (Ֆիլմը բեռնելու եւ այլ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.1915themovie.com ):

Van_1915-film-1

Ներկայացնելով ֆիլմը Վանում, Կարին Հովհաննիսյանն անդրադարձել է Թուրքիայի մեկդարյա մերժմանը եւ ասել Հայոց ցեղասպանության մասին իր հզոր խոսքը՝ միեւնույն ժամանակ ճանաչելով քաջությունն այն մտավորականների ու կազմակերպիչների, ովքեր 100 տարի անց նախաձեռնել են նման քննարկում: Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում «Վան» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանն ասել է. «Սա հայոց թագավորության հոգեւոր եւ խորհրդանշական սիրտն է: Այս հողում մենք մեզ օտարական չենք զգում: Մենք կարծես տուն եկած լինենք»:

Քրդերն, իրենց հերթին, ներողություն են խնդրել հայերից՝ քուրդ եւ թուրք ժողովուրդների անունից: Նույնիսկ պետական հեռուստատեսությամբ նրանք չեն խուսափել «Ցեղասպանություն» բառից եւ հավելել են. «Հուսով ենք, որ կարող ենք այստեղ ունենալ ընդհանուր կյանք: Կուզենայինք, որ անցյալը գոյություն չունենա»: Ամբողջ մի շաբաթ նման տրամադրություններ էին թեւածում Վանում, որտեղ այդ հողի հետ հայկական կապերը ճանաչելու շարժումը լավ թափ առավ:

«1915»-ը ստեղծվել է ՌԱՀՀԿ-ի եւ ՌՎՎԶ/IDeA հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031