«Դեկտեմբերի 6-ի քվեարկության օրը տեղամասերում ներկա են եղել մեր կայքի արտահաստիքային լրագրողները` իմ կողմից նրանց տրված օրինական բեյջերով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը՝ անդրադառնալով հանրաքվեի օրը`դեկտեմբերի 6-ին, հրապարակված «Տեղամասերում կեղծ լրագրողներ են» նյութին:
«Իմ՝ ձեզ տված մեկնաբանությունը, որ տեղեկատվությունը հայտնվելու է մեր կայքում, վերաբերվել է կոնկրետ դեպքի`մեր արտահաստիքային լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի դեմ տեղամասում կատարված բռնությանը»,- ասաց Քրիստինե Խանումյանը`հավելելով. «Երկրորդ, որեւէ տեղամասում iLur.am կայքի բեյջով կեղծ լրագրողներ չեն եղել: Ինչ վերաբերում է լրագրողների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ձեր հիշատակմանը, ապա իմ խորին համոզմամբ, առավել կարեւոր է ոչ թե այն, թե տվյալ անձը որ թերթում կամ կայքում քանի հոդված է գրել, այլ այն, թե ինքը ինչ վարք է դրսեւորում իր մասնագիտական պարտքը կատարելիս: Նյութերի քանակը չի որոշում լրագրողին, առավել եւս, որ այսօրվա լրագրողական աշխարհում աշխատում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ լրագրությամբ են զբաղվում, սակայն շեղվել են իրենց մասնագիտական ուղուց`հասարակությանը մատուցելով աղավաղված տեղեկատվություն:
Լրագրողը նախեւառաջ քաղաքացի է, իսկ մեր արտահաստիքային լրագրողները տեղամասերում իրենց դրսեւորել են որպես իրական քաղաքացիներ, իրենց լիազորությունների շրջանակներում փորձելով արձանագրել կատարվող կեղծիքները`չվախենալով կեղծարարների սպառնալիքներից ու բռնություններից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Քրիստինե Խանումյանի ֆեյսբուքյան էջից