Լրահոս
Օրվա լրահոսը

Ապուր, որի համեմունքը պահպանվել է 1000 տարի. Մամուլյանը՝ Անիի խոհանոցի մասին (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Դեկտեմբեր 15,2015 16:11

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 15-ին «Մեգերյան կարպետ» ցուցասրահում ամփոփեց այս տարվա գործունեությունը:

Ազգային-մշակութային խմբերի կատարումներով եւ հայկական անուշեղենների հյուրասիրությամբ ուղեկցվող միջոցառման ժամանակ ներկայացվեց Անիի խոհանոցը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն Aravot.am-ին հայտնեց, որ կազմակերպությունն ավանդաբար զբաղվել է կերակրատեսակների հավաքչությամբ եւ ներկայացմամբ. «Ուսումնասիրություններ ենք իրականացրել Մատենադարանում եւ Մխիթարյան միաբանությունում, պայմանավորվածություն ենք ձեռք բերել այցելելու նաեւ Երուսաղեմի գրադարան»:

manukyan-3

Սեդրակ Մամուլյանի գնահատմամբ՝ կարեւորագույն նախաձեռնությունը կապված է 11-14-րդ դդ. Անիի խոհանոցի ուսումնասիրության հետ: Այն իրականացրել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը. «Մեզ հաջողվեց դաշտային աշխատանքների արդյունքում Տրանսիլվանիայից (Ռումինիա), Լեհաստանից եւ Ուկրաինայից հավաքագրել Անիի խոհանոցին առնչվող նյութեր: Արդեն 5 կերակրատեսակ ներկայացրել ենք Մոսկվայում՝ մեր հայրենակիցներից մեկի ռեստորանում: Տրանսիլվանիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք 11-14-րդ դարերում են գաղթել Անիից, պահպանել են ազգային խոհանոցը: Նրանց հայ լինելու մասին ոչինչ չի հիշեցնում, բացի ազգային կերակրատեսակներից: Նրանք մոռացել են լեզուն, ազգային դիմագիծը, հավատքը եւս չի պահպանվել, բայց իրենք գիտեն, որ ծագումով հայ են»,-պատմեց Մամուլյանը:

manukyan-5 manukyan-4 manukyan_1

Մեր զրուցակիցը ներկայացրեց Անիի ազգային կերակրատեսակներից մեկը՝ ականջապուրը, որն ականջանման խմորագնդերից պատրաստված ապուր է. «Հետաքրքիր է, որ ապուրին ավելացնում են մի համեմունք, որը Տրանսիլվանիայի հայերը պահպանել են 1000 տարի: Համեմունքը կոչվում է «Խուռութ». չորաթանի մի տեսակ է, բայց պատրաստվում է կաթից: 40 օր կաթը թթվեցնում են, եփում, կաթը կտրվում-դառնում է կաթնաշոռ, որը ջերմային մշակման են ենթարկում, ապա ավելացնում նեխուր, մաղադանոս եւ թարխուն: Այդ զանգվածը չորացնում են եւ պահում, հետագայում ավելացնում բոլոր կերակրատեսակներին»:

Նշենք, որ այս տարի եւս կազմակերպությունը գործակցել է ուսումնական հաստատությունների հետ. «Միշտ մասնագիտական օգնություն ենք ցուցաբերում այն հաստատություններին, որտեղ ուսուցանվում է ազգային խոհանոցը»,-նշեց Սեդրակ Մամուլյանը: Նա նաեւ հավելեց, որ կազմակերպվել են տոլմայի, խորովածի, «Հացը լեռներում» փառատոները, իսկ օգոստոսի 11-ին տոնվել է Նավասարդը:

Միջոցառման ընթացքում ազգային-խոհարարական ավանդույթների պահպանման եւ լուսաբանման համար շնորհակալագրով պարգեւատրվեցին կազմակերպության գործընկերները եւ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը»: «Ազգային խոհանոցի երախտավոր» անվանակարգում մեդալի արժանացավ խոհարար Գարիկ Գևորգյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031