Այս օրերին Վրաստանի Խորհրդարանն աշխատում է «Ընտրական կոդեքսում» ուղղումներ ընդունելու շուրջ: Չնայած նրան, որ իշխող կուսակցությունը խոստում է տվել, որ 2020թ. խորհրդարանական ընտրություններին երկրի ընտրական համակարգը ամբողջությամբ կանցնի համամասնական սկզբունքի, այսօր երկրի խորհրդարանը օրենսդրական հիմք է նախապատրաստում 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունները մեծամասնական և համամասնական սկզբունքներով անցկացնելու համար:
Երկրի Ընտրական Կոդեքսի փոփոխությունների համար առիթ է դարձել Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Ըստ մի քանի ամիս առաջ ընդունած որոշման` Սահմանադրական Դատարանը հաստատում է, որ երկրի Ընտրական Կոդեքսի ներկայիս տեքստը հակասում է Սահմանադրության սկզբունքներին: Մասամբ, Սահմանադրական Դատարանը հակասահմանադրական է ճանաչել մեծամասնական պատգամավորների ընտրության սկզբունքը:
Ինչպես հայտնի է, երկրի ոչ բոլոր շրջաններն են քաղաքացիների հավասարաչափ քանակությամբ բնակեցված: Բնակչության մեծամասնությունն ապրում է քաղաքներում: Մինչդեռ, երկրի բոլոր շրջանները ըստ հաստատված վարչական ստորաբաժանման` ընտրում են իրենց մեծամասնական պատգամավորներին: Այսպես, օրինակ, 250 000 անձով բնակեցված մունիցիպալիտետային շրջանն ընտրում է մեկ պատգամավորի: Նույն բանն է անում 10 000 անձով բնակեցված մունիցիպալիտետային շրջանը: Երկրի Սահմանադրական Դատարանի որոշման հաաձայն` տվյալ փորձը խախտում է քաղաքացիների միջև իրավահավասարությունը: Ստացվում է, որ խիտ բնակեցված մունիցիպալիտետային շրջանի ընտրողի ձայնը շատ ավելի թույլ է, քան այլ ընտրողի ձայնը` ավելի քիչ բնակեցված մունիցիպալիտետից:
Մի խոսքով երկրի Խորհրդարանը ուշադրության տակ է առել Սահմանադրական Դատարանի որոշումը և գործի անցել: Տարածված տեղեկության համաձայն` Խորհրդարանը ծրագրում է ավարտել աշխատանքը օրենսդրական ուղղումների շուրջ մինչ 2015թ. ավարտը:
Ակնհայտ է, որ իրավիճակի շտկման համար երկրի Խորհրդարանը պետք է «հավասարեցնի» բոլոր մունիցիպալիտետների իրավունքները, իսկ դրա «ամենահեշտ» ուղին ընտրական շրջանների սահմանների փոփոխություններն են:
Չնայած սպասվող փոփոխությունների ակնհայտ կարևորությանը` Վրաստանի Խորհրդարանը տվյալ հարցի շուրջ իրեն շատ փակ է պահում: Արդեն մեկ շաբաթ է անցել այն պահից, ինչ երկրի օրենսդրական մարմինը սկսել է աշխատել ընտրական շրջանների սահմանները փոփոխելու հարցի շուրջ, մինչդեռ, բնակչությունը դեռևս քիչ է տեղեկացված, թե ինչ սկզբունքով է ծրագրվում փոփոխել ընտրական շրջանների սահմանները:
Հայտնի է միայն մի բան` Ընտրական Կոդեքսի տեքստում փոփոխությունների ընդունումից հետո երկրում կձևավորվի 91 ընտրական շրջան: 73-ը շրջաններում, 18-ը` մայրաքաղաքում: Պաշտոնական թղթաբանության համաձայն (օրենսդրական փոփոխությունների նախագիծ և կցված փաստաթղթեր)` նոր մեծամասնական շրջանի ձևավորման համար ծրագրվում է միավոր ընդունել բնակչության 40 000-50 000 մարդ քննարկության համար: Նույն թղթաբանության համաձայն` Ախալքալաքի (38 222 ընտրող) և Նինոծմինդայի (21 013 ընտրող) մեծամասնական-ընտրական շրջանները, դատելով ամեն ինչից, վերափոխված չեն լինի:
Մինչդեռ, այնուամենայնիվ, հարկ է զգոն լինել…
Կարևոր է, որպեսզի երկրի ընտրողների միջև «իրավահավասարության» հաստատմանն ուղղված Խորհրդարանի աշխատանքի ընթացքում չխախտվեն մարդու հիմնարար իրավունքները և երկրի շրջաններում խիտ բնակեցված ազգային փոքրամասնությունների` միջազգայնորեն ընդունված իրավունքները:
Միջազգային օրենսդրության համաձայն` ոչ մի պետություն իրավունք չունի փոփոխել այն շրջանների սահմանները, որոնք խիտ բնակեցված են ազգային և այլ փոքրամասնություններով: Պետությունն իրավունք չունի տվյալ շրջաններում ժողովրդագրական պատկերը փոփոխելու պայմաններ ստեղծել, իրավունք չունի այդ շրջաններում այլ ազգային խմբեր վերաբնակեցնելու պետական ծրագրեր իրականացնել: