«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով աշխատաժողով էր կազմակերպել:
Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախարարությունը 2015 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում համարում է առանցքային տարի, որովհետեւ ձեւավորվել է ինստիտուցիոնալ համակարգ. «Մենք գործընկերների հետ համագործակցությամբ ընդունել ենք նոր ռազմավարությունը, որը հավանության է արժանացել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, այնուհետեւ կառավարության կողմից: Բացի դրանից՝ մենք ձեւավորել ենք կառավարություն-քաղաքացիական հասարակություն համապատասխան համագործակցության հարթակ, որը թույլ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում ակտիվ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ»:
Սուրեն Քրմոյանը համարում է, որ ներկայումս լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, քանի որ առկա է համագործակցության հարթակ. «Վերջին տարիներին հասարակությունը նույնպես հասկացել է կոռուպցիայի վտանգը: Տեղեկացնեմ, որ այս տարի, երբ մենք երիտասարդ առաջնորդների համար հակակոռուպցիոն դպրոց էինք կազմակերպում, տեսանք, որ երիտասարդների մեջ այդ ջանասիրությունը, այդ ուժը, որում նպատակաուղղվածությունը կա կոռուպցիայի դեմ պայքարում: Մեր ամբողջ ռազմավարության հիմնական թիրախներից մեկը կայանում է նրանում, որ մենք պարտավոր ենք ձեւավորել համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երեւույթների նկատմամբ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ