Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնում այսօր տեղի ունեցավ «Արցախյան շարժում» էլեկտրոնային շտեմարանի շնորհանդեսը: Շտեմարանից օգտվելու համար պետք է այցելել գրադարանի կայք՝ Nla.am եւ փնտրել այն «Շտեմարաններ» բաժնում: Մատենագիտության և գիտական հետազոտությունների ենթաբաժնի վարիչ Աստղիկ Վարդանյանը Aravot.am-ին հայտնեց, որ շտեմարանը ներկայացնում է 1988-ից մինչ օրս հրատարակված պարբերականների նյութերը՝ առանց վերլուծության, քանի որ շտեմարանի խնդիրն է Արցախյան շարժումը ներկայացնելը. «Ընդգրկված են 1988-ից բոլոր պարբերականներում առկա Արցախյան շարժմանն առնչվող նյութերը, որոնք ներկայացնում ենք առանց վերլուծության: Շտեմարանի բաժինները 7-ն են, օրինակ, «Ցույցերում»-ում տեղեկատվություն է տրվում այն մասին, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը»:
Հետաքրքրական է հատկապես «Ազատամարտիկներ» բաժինը, որտեղ է կարելի է նյութեր գտնել առայժմ 200-ից ավելի Արցախյան ազատամարտի մասնակից զինվորների, գեներալների, հասարակական եւ քաղաքական գործիչների մասին: «Դժվար է ամեն անգամ զոհվածի մասին նյութ կարդալը… բայց կարեւոր է, որ մենք եւս մեկ անգամ վկայակոչում ենք նրանց անունները՝ հավերժացնելով հիշատակը: Որոշ ընթերցողներ դիմել են ինձ խնդրանքով, որ եթե հանդիպեմ պատերազմի մասնակից իրենց հարազատի անունը, անպայման տեղեկացնեմ, որովհետեւ ոչ մի տվյալ առ այսօր չեն կարողացել գտնել: Մեր քարտարանների օգնությամբ ուսումնասիրում ենք պարբերականները եւ բոլոր տվյալները նշում: Դրանք կարող են լինել նաեւ հարազատների եւ լրագրողների վկայություններ»,-նշեց Աստղիկ Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ շտեմարանն առաջիկայում կունենա նաեւ «Գիրք» բաժինը, որում կզետեղվեն Արցախյան շարժման մասին գրքերը: Շտեմարանը ներառում է նաեւ «Խորհրդաժողովներ» բաժինը. «Նշում ենք, որ համապատասխան դիվանագիտական աշխատանքը արդյունք չի տալիս, գուցե առաջիկայում այն տեսանելի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Ազգային գրադարանի կայքում հասանելի են նաեւ այլ շտեմարաններ՝ «Մամուլի հոդվածներ», «Հայ գրատպության 400-ամյակ», «Հայ գրատպության 500-ամյակ», «Հայոց ցեղասպանությունը մամուլում», «Ակադեմիա-70» եւ այլն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ