«Մենք առնվազն մի բան պիտի գիտակցենք`այն ինչ-որ անում ենք, անում ենք մեզ համար: Մենք պետք է սովորենք ապրել ինքներս մեր խնդիրները կամ դրանց լուծումները գտնելու համար, ոչ թե սպասել, թե որեւէ մեկը կգա, սպասել՝ ինչ-որ մի բան կասի, թե ոչ»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն`անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը:
«Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու՝ արդյոք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերում և միջոցառումներում»,- ասված է հայտարարության մեջ:
Թեւան Պողոսյանը կարծում է, որ մենք պիտի ԱՄՆ դեսպանատան առջեւ հարց բարձրացնենք, որ քսան տարուց ավելի Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացրել ու, փաստորեն, անարդյունք. «Որն է այն գլխավոր դասը, իրենք քաղել ե՞ն, որ իրենց ծրագրերը արդյունք կամ պտուղ չեն տալիս: Հայտարարություններ կարող են անել, բայց մենք պետք է մեզ հաշիվ տանք`ի՞նչ է մեզ պետք, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել կամ սպասենք, որ ինչ-որ մեկը կգա հայտարարություն կանի կամ չի անի: Ուրախ եմ, որ երկրները մտահոգվում են եւ ուզում են Հայաստանը տեսնել բարեկեցիկ, բայց, միեւնույն ժամանակ, այդ հարցը պիտի բարձրացնել`որքանո՞վ եք դուք նպաստել, երբ ծրագրեր եք արել, որոնք որեւէ արդյունք չեն տվել»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուր պետություն իր շահով է առաջնորդվում եւ Հայաստանն այստեղ չպետք է բացառություն լինի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ