Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանում առկա տաբուները

Դեկտեմբեր 15,2015 13:15

«Հանրային օրակարգ» ՀԿ-ն, Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ, շարունակում է հանրային քննարկումների շարքը Երևանում և Ստեփանակերտում (ծրագիրն իրականացվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով)։

Դեկտեմբերի 10-ին Երևանի «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում լրագրողների ու փորձագետների մասնակցությամբ կայացավ «Անալիտիկոն» ամսագրի նոյեմբեր ամսվա «Տաբու թեմաներ» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկումը (թեմատիկ համարի նյութերի հայերեն և ռուսերեն տարբերակները PDF տարբերակով վաղօրոք ուղարկվել էին մասնակիցներին, իսկ քննարկման ժամանակ բոլորին տրամադրվեց համարի տպագիր տարբերակը)։

Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ, անկախ հետազոտողներ, սոցիոլոգներ, հասարակական գործիչներ, կանանց խնդիրներով զբաղվող կառույցների անդամներ:

Նախքան ամսագրում տեղ գտած հոդվածներին անդրադառնալը, քննարկման մասնակիցները մեծապես կարևորեցին թեմատիկ համարի ընտրությունը՝ մատնանշելով, որ արգելված թեմաների մասին խոսելը չափազանց օգտակար է տվյալ հասարակությունում առկա խնդիրները հասկանալու համար:

Քննարկման սկզբում անդրադարձ կատարվեց «Անալիտիկոն» ամսագրի նոյեմբերի համարի հեղինակներից Տիգրան Գրիգորյանի, Արթուր Ավթանդիլյանի և Արա Սանջյանի հոդվածներին, որտեղ արծարծվել էին Արցախում, Հայաստանում, Սփյուռքում առկա հիմնական տաբուները: Համեմատական վերլուծություն անցկացնելով՝ քննարկման մասնակիցները եկան այն եզրակացության, որ չնայած խոսում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, սակայն երեք հասարակություններում առկա են միանգամայն տարբեր տաբուներ:

Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանում առկա տաբուները՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների, երկու կողմերի միջև վստահության կամուրջների կառուցման միջոցառումներին մասնակցող հայերի նկատմամբ հասարակական վերաբերմունքի հետ, բարձրաձայնվեց նաև ժամանակին Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիների և այժմ այդ թեմային չանդրադառնալու վտանգավորությունը: Մասնակիցներից մեկը նշեց, որ հայկական տեղեկատվական և գիտական դաշտում թեման բացարձակապես չի արծարծվում, ինչը օտարերկրացի ուսումնասիրողներին ստիպում է օգտվել միայն ադրբեջանական աղբյուրներից և որպես իրականություն ներկայացնել միայն ադրբեջանական տեսակետը:

Քննարկման առանցքում հայտնվեցին նաև տարածաշրջանի տարբեր երկրներում և Հայաստանում կանանց վերաբերյալ առկա տաբուները: Նշվեց, որ հաճախ Հայաստանում իգական սեռի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվում է դեռևս նախածննդյան շրջանում՝ մատնանշելով սեռով պայմանավորված աբորտների քանակը: Խոսվեց նաև կանանց նկատմամբ բռնության գործադրման ֆիզիկական և հոգեբանական ասպեկտների մասին: Կարևորվեց ԶԼՄ-ների դերակատարությունը կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքից ձերբազատվելու գործում: Ցավով արձանագրվեց, որ հայկական իրականության մեջ առայժմ ԶԼՄ-ը միայն նպաստում են կանանց նկատմամբ սեքսիզմի դրսևորումներին:

«Հանրային օրակարգ» ՀԿ սույն ծրագրի տեղեկատվական գործընկերը Սիվիլնեթն է։

Սիվիլնետի ռեպորտաժը քննարկումից

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031