Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներն ավելի լավ կտիրապետեն Եվրոպական կոնվենցիային և ՄԻԵԴ նախադեպային իրավունքին

Դեկտեմբեր 15,2015 12:48

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ համաժողովին ծրագրի շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ, գոհունակություն հայտնեցին:

Ծրագիրը մեկնարկել է 2013-ի հոկտեմբերին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում և տևել է 27 ամիս. ավարտվել 2015-ի դեկտեմբերին: Ծրագրի հիմնական նպատակն էր ամրապնդել Վճռաբեկ դատարանի կարողությունները, զարգացնել նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ուսուցողական կարողությունները, հզորացնել Արդարադատության նախարարության, մասնավորապես ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության կարողությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը նշեց, թե ունեն լուրջ նվաճումներ. «2013-2015-ին տեղի ունեցան բազում սեմինար- քննարկումներ բոլոր ատյանի դատավորների համար, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից ստեղծվեց կառույց՝ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրման ծառայությունը: Ավարտական փուլում են գտնվում Դատալեքս առցանց տվյալների բազայի որոնողական կարողություններին ուղղված աշխատանքները»:

ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը կարևորեց ծրագրի կրթական բաղադրիչը. «Ծրագրի շրջանակներում լավ համադրություն է արվել բաղադրիչների առումով, ինչը ծրագրին հաջողություն բերող տարրերից է: Արդարադատության ակադեմիան որպես կրթական բաղադրիչ ապահովող մարմին մեր երկրում կարևորվում է, քանի որ վտանգ կա, որ շատ իրավական նորմեր, ծրագրեր կմնան թղթի վրա, եթե դրանք ճիշտ ձևով չներկայացվեն համապատասխան շահառուին: Մեր խնդիրն է նաև, որ կարողանանք ճիշտ ու գրագետ այն ներկայացնել մեր շահառուներին»:

Aravot.am-ը իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց՝ արդյոք նման ծրագրերի իրագործումը արդյունավե՞տ կլինի, եթե ՀՀ իշխանությունները քաղաքական կամք չդրսևորեն դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Քաղաքական կամք բառը ես չեմ ընդունում, քանի որ որևէ իշխանություն կամք չի ունենում իշխանությունը սահմանափակելու, իսկ արդար դատավարությունը սահմանափակում է իշխանությունը: Որևէ իշխանություն նման կամք չի կարող դրսևորել: Բարի թագավորների մի սպասեք: Խնդիրն այն է, թե ինչքանով է ծրագիրն արդյունավետ: Այն արդյունավետ է այնքանով, որ ամեն դեպքում դատավորներն ավելի լավ են տիրապետելու եվրոպական կոնվենցիային և նախադեպային իրավունքին, բայց ինչքանո՞վ այն պրակտիկայում արդյունավետ կգործի, սա այլ հարց է: Չեմ կարծում, որ արդյունավետությունը շատ մեծ կլինի: Քանի դեռ չկա դատարանի դե յուրե և դե ֆակտո անկախություն, ապա նման ծրագրերն ուղղակի իրազեկում կբարձրացնեն, բայց հուսանք, որ ինչ որ ժամանակ հետո դատավորների անկախության մասին կխոսենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031