Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանը՝ թշնամու հայաստանյան «ագենտների» մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 12:41

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց, որ գործող օրենքով ձերբակալվածին տեսակցության կարող է գալ իր փաստաբանը, նա, ով ստանձնել է պաշտպանությունը: Սակայն երբեմն կարիք է լինում փաստաբանի հետ տեսակցել, երբ նա դեռ պաշտպան չէ քրգործում ներգրաված:

Բացի այդ, այսօրվա գործող օրենքով, ոչ աշխատանքային օրերին ու ժամերին հնարավոր չէ տեսակցություն իրականացնել, ընդ որում, տեսակցության ժամերն են 10-17-ը: Այս արգելքն առաջարկում են վերացնել եւ սկսել տեսակցել անարգել:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե դատապարտյալների սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված չե՞ն պատրաստվում փաթեթ բերել, այդ պայմաններից կալանավորները հիվանդություններ են ձեռք բերում:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ Քրեակատարողական նոր օրենսգիրք են ներկայումս մշակում, այնտեղ նոր սկզբունքներ ունեն պատժի կրման պայմանների, այլընտրանքային պատժի, ընտանիքի անդամների տեսակցության հետ կապված:

Այս նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը օրենքի հետ բոլորովին կապ չունեցող ելույթ ունեցավ՝ անուղղակիորեն անդրադառնալով հիմնականում Զարուհի Փոստանջյանին: Նրա խոսքերով՝ այդ հռետորը, որը քանիցս վտանգավոր ելույթ ունեցավ, անգամ ինքն էլ պատկերացում չունի, թե ինչ ծայրաստիճան կործանարար գործառույթի մեջ է ընդգրկված: Ըստ նրա, հենց ԱԺ-ի ամբիոնից ազգայնամոլության ծրագիր են ուզում իրականացնել. «Քանիցս ասում են՝ էս ենք անելու, էն ենք անելու, ռեժիմը կխաթարենք: Բավական է զենք լինել թշնամու ձեռքին, բավական է շանտաժի ենթարկել այն իշխանությունը, որը աննախադեպ հաջողություն է գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում: Թշնամին չի անցնի, ինչքան էլ սատարեն զանազան ազդեցության ագենտները»:

Գալուստ Սահակյանը փորձեց ընդհատել Գեղամյանին, բայց վերջինս հորդորեց հավասարության սկզբունքով թույլ տալ, որ ավարտի իր ձոնը՝ առ իշխանություն:

Նա սկսեց գովերգել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին, արտգործնախարարին, որոնք հսկայական աշխատանք են անում, ու ընդդիմությունը ջուրն է լցնում այդ հսկայական աշխատանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031