Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները ցանկանում են, որ «Առավոտը» բերմա՞ն ենթարկի «Քաղաքացի դիտորդին»

Դեկտեմբեր 15,2015 11:14

Նման կասկածի տեղիք է տալիս
մեր խմբագրություն ուղարկած նրանց գրությունը

Իրավապահների հետ մեր շփումները թեւակոխեցին նամակագրության ժանրի փուլը: Հանրաքվեին հաջորդած երեք օրերի ընթացքում նրանց հետ հեռախոսով էինք շփվում, որի ընթացքում իրավապահները զանազան պարզաբանումներ էին խնդրում քվեարկության վերաբերյալ մեր հրապարակումների մասին, բացատրություն տալու կանչում դրանց հեղինակներին եւ այլն: Սկզբում, երբ աշխատանքը շատ-շատ էր, այդ զանգերը փոքր-ինչ նյարդայնացնում էին: Հետո սկսեցինք հերթական քննիչին հայտնել, որ ինքն, ասենք, յոթերորդը կամ ութերորդն է: Լինում էին նաեւ այնպիսի արտառոց զրույցներ, ինչպիսին էր, օրինակ, Մալաթիայի բաժնի մի ներկայացուցչի հետ երկխոսությունը:

– Դուք դեկտեմբերի 6-ին հրապարակել եք մի գրություն՝ «Լուսանկարը «Մեդիա» կենտրոնի»: Պատրա՞ստ եք պատասխանել դրա վերաբերյալ հարցերին:

– Եթե դժվար չէ՝ հեղինակին կասե՞ք:

– Անուշ Մաթեւոսյան: Կտա՞ք նրա հեռախոսահամարը:

– Գիտեք, նա «Մեդիա» կենտրոնում կայացած ասուլիսն է լուսաբանել: Ընդ որում, քանի որ այդ օրը շատ ծանրաբեռնված էր, ու իրադարձությունները բազմաթիվ էին, անգամ այդ ասուլիսին անձնապես ներկա չի եղել, տեսագրությամբ է հետեւել եւ հրապարակում պատրաստել:

– Այսինքն՝ դուք եք այդ տեսագրությունը տեղադրել:

– Ոչ, մենք չենք տեղադրել, «Մեդիա» կենտրոնն է տեղադրել: Տեսագրությունն առկա է համացանցում:

– Կտա՞ք «Մեդիա» կենտրոնի հեռախոսահամարը:

– Այն կա համացանցում: Բայց կներեք, այդ կենտրոնն ուղղակի կազմակերպել է ասուլիսը՝ գուցե ավելի ճիշտ կլիներ, որ պարզաբանումներ վերցնեիք այն մարդուց, որն այդ ասուլիսի ընթացքում արե՞լ է տվյալ պնդումները:

– Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն է: Կտա՞ք նրա հեռախոսահամարը:

– Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հեռախոսահամարը կա համացանցում:

Կարճ վերաշարադրված, բայց իրականում բավական երկար տեւած այս զրույցի ընթացքում թվաց, որ վերջապես հնարավոր է եղել միտքը տեղ հասցնել քննիչին, քանի որ նա վերջում նորմալ փաստարկ հնչեցրեց, թե մեզ կներգրավի, եթե պարզվի, որ «Առավոտի» հրապարակածի եւ Ավետիք Իշխանյանի ասածների միջեւ հակադրություն կա: Բայց չէ՝ հետո մեկ է, զանգել էր լրագրողին, ու երբ վերջինս ասել էր, որ «առցանց» է հետեւել՝ հետաքրքրվել էր. «Ընչա՞նց», խնդրել, որ ձայնագրությունը ներկայացնի, թեեւ լրագրողն էլ էր ասել, որ տեսագրությունը կա համացանցում եւ այլն:

Իսկ դեկտեմբերի 9-ին էլ նույն հրապարակման վերաբերյալ գրություն ստացանք Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքից: Քանի որ այն հասցեագրված է Aravot.am թերթի գլխավոր խմբագիր Ա. Աբրահամյանին, թերեւս հարկ է իրավապահներին տեղեկացնել, որ նման թերթ չկա՝ կա «Առավոտ» օրաթերթը եւ նրա առցանց տարբերակը՝ Aravot.am-ը:

police_grutyun_1

Ասուլիսում Ավետիք Իշխանյանի արած պնդման համար, թե ռուսական անձնագրերով քվեարկում են, ոստիկանությունը մեզնից է բացատրություն խնդրում. «Խնդրվում է հայտնել, թե ինչն է հիմք հանդիսացել հոդվածի հրապարակման համար, առկա են գործի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ տեղեկություններ, եթե այո, ապա խնդրվում է տրամադրել դրանք»: Դե, ինչ պատասխանենք այս գրությանը,… որ հրապարակման համար հիմք է հանդիսացել այն, որ լուսաբանել ենք այդ ասուլի՞սը: Այլ որեւէ նախադասություն մտքով չի անցնում:

Սակայն անգամ նման որեւէ նախադասություն չես պատկերացնում, թե ինչ կարելի է պատասխանել արդեն սիրելի դարձած ոստիկանության Մալաթիայի բաժնին, որը դեկտեմբերի 8-ին մեզ ուղարկել է հետեւյալ գրությունը. «Հայտնվում է Ձեզ, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում «Առավոտ» օրաթերթի 8.11.2015թ.-ին «ԹԻՀԿ. Ինչպե՞ս է օգտագործվում վարչական ռեսուրսը հանրաքվեի նախապատրաստման գործընթացում» հրապարակումը նյութի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Խնդրվում է Ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության Մալաթիայի բաժին ապահովել հրապարակման հեղինակին կամ լիազորված անձի՝ նշված հրապարակման փաստով պարզաբանումներ տալու համար»:

police_grutyun-2«Առավոտ» օրաթերթում նման վերնագրով հրապարակում չկա. եւ ընդհանրապես՝ այդ օրը մեր թերթն ընդհանրապես լույս չի տեսել, քանի որ նոյեմբերի 8-ը կիրակի էր: Նման վերնագրով հրապարակում չկա նաեւ կայքում: Փոխարենը կայքում զետեղել ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության երկու հաղորդագրություններ, որոնցից եւ ոչ մեկը ոստիկանության մատնանշած օրը չի հրապարակվել: Առաջին ամփոփագիրը՝ վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ, հրապարակվել է նոյեմբերի 4-ին, երկրորդը՝ նոյեմբերի 20-ին:

Եվ ոստիկանության հնարած, եւ իրականում մեր հրապարակած նյութերի վերնագրերից էլ ակնհայտ է, որ դա լրատվամիջոցի հեղինակային հրապարակումը չէ, այլ ուղղակի մամուլին ուղարկված հաղորդագրություն:

Հիմա ինչ՝ պետք է ամփոփագրի հեղինակների փոխարեն պարզաբանումնե՞ր տանք: Կամ ինչպե՞ս ենք ապահովելու «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կամ թեկուզ նրանց մաս կազմող ԹԻՀԿ-ի ներկայությունը ոստիկանությունում, ի՞նչ է՝ պիտի ընկերաբար խնդրենք, որ ինքնակամ ներկայանա՞ն, թե՞ պետք է ձեռնաշղթաներ հագցնենք ու բերման ենթարկենք:

Ու վերջին հարցը՝ նման ձեւով քննության համար նյութեր նախապատրաստելը ոչ իրազեկության ու, մեղմ ասած, ոչ բավարար մասնագիտական պատրաստվածությա՞ն հետեւանք է, թե՞ ուղղակի նման թափթփված ու անգրագետ եղանակով ձեւ է արվում, թե հետաքննում են խախտումների վերաբերյալ ահազանգերը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031