Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդաշնակության մեղեդին» կհնչի նաև Ստամբուլում

Դեկտեմբեր 15,2015 00:00

«The Beautified Project» ռոք խումբը, թուրքահայ երգչուհի Սիբիլը և ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ Գյոքսել Բաքտագիրը, Բուրաք Մալչոքը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը դեկտեմբերի 14-­ին նույն բեմում էին: 

Հայ և թուրք երաժիշտները Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հանդես եկան «Ներդաշնակության մեղեդին» խորագրով համերգ­ով:

Հայ հանդիսատեսին ներկայացվեցին «The Beautified Project»-ի անգլերեն և հայերեն երգերը՝ նոր գործիքավորմամբ:

«Ներդաշնակության մեղեդի»-ի շրջանակում ստեղծվել է նաև «Don’t blame me» («Ինձ մի մեղադրիր») երգը, որը կատարվեց համերգի ընթացքում: Իսկ մեկ շաբաթ հետո այն կներկայացվի նաև Ստամբուլում: Այս երգը հեղինակել է «The Beautified Project»-­ի հիմնադիր Անդրե Սիմոնյանը: Առաջիկայում Հայաստանում և Թուրքիայում կնկարահանվի նոր երգի տեսահոլովակը:

Անդրե Սիմոնյանը համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ նորաստեղծ այս երգը քաղաքական ենթատեքստ չունի. «Սա զրույց է հայ և թուրք հասարակ քաղաքացիների միջև»,­- ասաց նա:

«Մենք չէինք պատկերացնի, որ ամեն ինչ այսքան լավ կլինի,- նշեց թուրքահայ երգչուհի Սիբիլը.- երկու տարբեր երաժշտություն, Արևելքն ու Արևմուտքը միացան: Հոյակապ բան ստացվեց: Կարծում եմ, որ նույնքան հետաքրքիր նախաձեռնություն է նաև այս ամենը վավերագրական ֆիլմի վերածելը: Ֆիլմ, որը կպատմի մեր ծանոթության, գործակցության և համերգների մասին»:

Ձախ ձեռքով նվագելու իր ինքնատիպ ոճով հայտնի թուրք քանոնահար Գյոքսել Բաքտագիրը առաջին անգամ է Հայաստանում: Տպավորված է. «Հասցրել եմ լինել Մատենադարանում, ծանոթանալ մշակութային տարբեր նմուշների: Շատ հաճելի է տեսնել՝ ինչպես է Հայաստանը տեր կանգնում իր գեղեցիկ մշակույթին:

Ծիծեռնակաբերդ, ցավոք, չենք հասցրել այցելել, քանի որ համերգի պատճառով շատ խիտ գրաֆիկ ունեինք: Սակայն ուզում եմ նշել, որ մենք այստեղ ենք երաժշտության միավորող ուժով խաղաղության ու հաշտության սերմեր տարածելու համար»,- ասաց Գյոքսել Բաքտագիրը:

Նշենք, որ նախաձեռնությանն աջակցել է ՀՀ-­ում ԱՄՆ դեսպանությունը:

«Շատ մեծ կարևորություն ունեն նման նախաձեռնությունները հատկապես այն ժողովուրդների համար, որոնց միջև եղել են շփումներ, բայց ոչ բավարար մակարդակով,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը,- և ԱՄՆ դեսպանությունը շատ ուրախ է, որ կարողանում է աջակցել նախաձեռնությանը, որը միավորում է տարբեր ազգերի երաժիշտներին, և որի շրջանակում ձևավորվում է մեղեդիների ներդաշնակություն: Երաժշտությունը միավորում է մարդկանց և ժողովուրդներին, այն վերացնում է արգելքները, բացում սահմանները»:

Հավելենք, որ նույն համերգը դեկտեմբերի 22­-ին տեղի կունենա նաև Ստամբուլում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    խորին շնորհակալութիւններ՝ ՀՀ-­ում ԱՄՆ դեսպանության

    իսկ քեզի ալ՝ աֆֆերի՛մ, Սիբիլ
    (չէ, անվանդ հետ – շատ դիւրին – բառախաղ մը ընելու սիրտ չունիմ… )

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031