Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Սանասար Ապերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 13-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Այգեձորում գտնվող, Սլավիկ Դումանյանին վստահված առանձնատան նկուղ եւ գողացել օղեթորման սարք, ապակյա տարաների մեջ գտնվող 115լ գինի, 23 լ օղի՝ պատճառելով 405 հազար դրամի վնաս: Ս. Ապերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2014թվականին ինքն ապրել է Աշտարակում եւ այնտեղ աշխատել, ընկերոջ հետ Այգեձոր է այցելել մայիսի 12-14-ը: Նա նշել է,որ մայիսի 14-ին իրենք մեկնել են Երեւան՝ իրենց հետ տանելով օղեթորման սարք եւ գինի, որն օգտագործել են Երեւանում: Ապերյանն ասել է, որ գողության նպատակ չի ունեցել,քանի որ գինի ու օղի իրենց տանն էլ կա: Սակայն դատաքննության ավարտից հետո Ս.Ապերյանն ամբողջությամբ ընդունել է առաջադրված մեղադրանքը, ընդունել է նաեւ տուժողի կողմից ներկայացված նյութական պահանջը եւ պարտավորվել է փոխհատուցել այն: Դատարանը Ս. Ապերյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, մարտական ծառայություն է իրականացնում սահմանամերձ զորամասում, նրա խնամքին են կինը եւ թոշակառու հայրը:
Դեկտեմբերի 4-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս.Ապերյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել տուգանքի ՝ 500 հազար դրամի չափով: Դատարանը վճռել է Ս. Ապերյանից հօգուտ տուժողի բռնագանձել 400 հազար դրամ, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ