Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վալերի Պերմյակովի դատավարությունը դռնբաց է. մուտքն ազատ է». դատական դեպարտամենտի ղեկավար

Դեկտեմբեր 14,2015 19:01

Վալերի Պերմյակովի դեկտեմբերի 18-ի Գյումրու 102-րդ ռազմաբազայում նշանակված դատավարությանն ընդառաջ այսօր գյումրեցի լրագրողների հետ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատանքային քննարկում ունեցան դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, նույն կառույցի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար Արման Խաչատրյանը եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ դատարանի նախագահն արդեն իսկ մեկ անգամ հանդիպել էր լրագրողների հետ ՝ լսելով ու արձանագրելով նրանց դժգոհությունները ռազմաբազայի նեղ դատական դահլիճում աշխատելու հետ կապված: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, որն այսօր նորից շրջագայել էր Գյումրու 102-րդ ռազմազայում ու կրկին անգամ ուսումնասիրել տեղանքը, վստահեցրեց՝ այն լրատվամիջոցները, որոնք ցանկություն ունեն ուղիղ եթեր հեռարձակելու, նրանց կընձեռվի այդ հնարավորությունը, սակայն վերջիններս այս մասին նախապես պիտի տեղյակ պահեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: «Եթե 100 լրատվամիջոց ցանկություն հայտնի, մենք 100-ին էլ կապահովենք ուղիղ հեռարձակում»,- խոստացավ Կարեն Փոլադյանը: Նա նաեւ ասաց, որ դատարանի դահլիճից դուրս երկու վրաններ են խփելու, որոնցից ամեն մեկում, իրենց հաշվարկներով 50-70 մարդ է տեղավորվում: «Չեք մրսելու ու ծարավ չեք մնալու»,- լրագրողներին վստահեցրեց դատական դեպարտամենտի ղեկավարը: Վրաններում դատական պրոցեսը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է, ընդհանուր առմամբ 5 հեռուստացույց են տեղադրելու:

Aravot.am-ի հարցին, թե լրագրողներից բացի դատավարական պրոցեսին մասնակցելու  ցանկություն ունեցող գյումրեցիներն ու հանրապետության մյուս քաղաքացիները կարո՞ղ են գալ ու ներս մտնել ռազմաբազայի տարածք, դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց. «Դատավարությունը դռնբաց է, մուտքն՝ ազատ, իհարկե,  կարող են մասնակցել, սակայն պիտի ի նկատի ունենալ, որ տեղը սահմանափակ է»: Անվտանգությունն ապահովելու են հայ ոստիկանները ու դատական կարգադրիչները: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեեւ նշում է, որ բոլորն էլ վրդովված են, սակայն նախազգուշացնում է՝ ինտրիգներ չսարքել: Լրագրողները դատարան պիտի ներկայանան լրագրողական փաստաթղթերով ու անձը հաստատող փաստաթղթերով, իսկ քաղաքացիները բնականաբար անձը հաստատող փաստաթղթերով:

Վալերի Պերմայկովի դատավարությանը մասնակցելու են նաեւ միջազգային լրատվամիջոցներ՝ BBC, CNN եւ այլք: Դատական դեպարտամենտի ղեկավարը մեկ անգամ եւս շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են այս դատավարությունն ավելի հրապարակային դարձնելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031