Ազատության հրապարակից ոստիկաններն առգրավել են «Ոտքի Հայաստան» խմբի անդամ Արամ Թարվերդյանի՝ Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ պաստառը, իսկ Արամ Թարվերդյանին բերման ենթարկել: Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տեղեկատվական հավաքին «Ոտքի Հայաստան» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի իրենց պաստառը մնա Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանին ու մանրամասնեց. «Ոստիկանները պահանջեցին, որ հեռացնենք պաստառը, քանի որ արձանը պատմամշակութային կոթող է, և չեն կարող վրան բարձրանալ: Մենք էլ հիշեցրինք, թե բազում անգամներ բազում մարդիկ են բարձրացել այդ պատվանդանին, բայց ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել, ոստիկաններն ասացին, որ երբ տեսել են, արձագանքել են ու հայտարարեցին, որ իրենք գործում է մշակույթի նախարարի համապատասխան կարծիքի համաձայն»: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Զուգասզյանը տեղեկացրեց, որ Հայկ Կյուրեղյանը դուրս է եկել հացադուլից, և նրան առանձին խուց են հատկացրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ