Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր մոտ երկու ժամ հնդկական տոն էր: Մետրոպոլիտենի ուղևորները և հյուրերը մասնակցեցին «Անհավանական Հնդկաստան» խորագրով ցուցահանդեսի բացմանը, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի պարային խմբի և ԵՊԲՀ հնդիկ ուսանողների ասոցիացիայի ներկայացրած հնդկական պարերին:
«Ես գիտեմ, որ մինչև այս էլ մետրոպոլիտենում այսպիսի միջոցառումներ անցկացվել են այլ դեսպանատների հետ համատեղ: Սա էլ փոքրիկ մի միջոցառում է, որն ինչ-որ չափով ծանոթացնում է հնդկական մշակույթին»,- լրագրողների հետ զրույցում ասաց միջոցառմանը ներկա ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն՝ ընդգծելով, որ հայ-հնդկական հարաբերությունները միշտ էլ բարձր մակարդակի վրա են եղել ոչ միայն մշակութային, այլև մյուս ոլորտներում. «Դրանք նոր հարաբերություններ չեն և շատ հին արմատներ ունեն: Հայերը նոր չեն հնդիկների համար, հնդիկներն էլ նոր չեն հայերի համար: Մենք ընդհանուր մշակույթ, ընդհանուր ավանդույթներ և նույնիսկ ընդհանուր մտածելակերպ ունենք: Վերջին տասնամյակներին հայ-հնդկական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց են ապրում: Մենք ընդհանուր հետաքրքրություններ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ մշակույթ, առևտուր, կրթություն, քաղաքականություն: Իհարկե, ունենք նաև լայն հնարավորություններ դրանք ավելի խորացնելու համար»,- ընդգծեց դեսպանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ հնդկական մշակույթին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն և ՄեդիաՖոկուս գովազդային գործակալությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ