ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանի հետ։
Հանդիպման ժամանակ դեսպանի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:
– ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաև համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի ու հակամրցակցային միջավայրի դեմ պայքարի հարցերում՝ ապահովելու խաղի հավասար պայմաններ և խրախուսելու օտարերկրյա ներդրումները»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն