«Ամենօրյա միջոցառումների մասին հաղորդելու ազատությունն, անարդարությունները բացահայտելը եւ հետաքննությունների անցկացումը երաշխավորված չեն: Ամեն օր, իրենց աշխատանքները կատարելու համար, լրագրողները հետապնդումների են ենթարկվում, ձերբակալվում եւ նույնիսկ սպանվում են եւ այդ ամենի հետ մեկտեղ պայքարում բոլոր վայրերում մեդիայի առջեւ ծառացած խնդիրների դեմ»,- այս մասին գրված է «The Guardian»-ի «Մենք ունենք լրագրողների համար աշխարհում ամենաբարդ աշխատանքի վայրերը. կա՞ն հարցեր» վերնագրված հոդվածում:
Նշված է, որ «The Guardian»-ի գործընկեր «Transitions Only»-ը վերջերս սկսել է մամուլի աջակցության ծրագիր, որով նախատեսում են աջակցություն ցուցաբերել «պատերազմած լրագրողներին», որոնք աշխատում են առաջնագծում: Նրանք ցանկանում են լրագրողներին ֆինանսապես օգնել, ինչպես նաեւ տրամադրել հարթակ, որպեսզի խոսեն իրենց գործունեության մասին:
Այս հրապարակման մեջ ներկայացված են տարբեր երկրներում աշխատող մի շարք լրագրողների պատմությունները: Այստեղ է նաեւ «Էլեկտրիկ Երեւան»-ը լուսաբանած հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի պատմությունը:
Հեղինակները նշում են, որ Անուշն իր ֆոտոխցիկն ուղղել է կանանց խնդիրներին, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու Հայաստանի ջանքերին եւ արդեն մեկ տասնամյակից ավելի տեւող հակամարտության հասցրած վնասներին:
Կարդացեք նաև
Անուշ Բաբաջանյանը նաեւ ասել է, որ Հայաստանում առկա համատարած սեռական խտրականությունը ամենօրյա խոչընդոտ է իր աշխատանքի համար. կանանց հաճախ վախեցնում կամ հետապնդում են, որպեսզի արգելեն լուսաբանել կարեւոր իրադարձությունները:
Նա նշել է, որ երբ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նա լուսանկարահանում էր «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերը՝ «իմ ներկայությունը ընկալվում էր որպես ոչ նպատակահարմար»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ