«Իշխանությունները փորձում էին համոզել, որ այնքան էլ վատ չէ Հայաստանի վիճակը, որքան էլ որ ընդդիմադիրները փորձում էին ներկայացնել, այն բոլոր սպասելիքները, որ կային ԵԱՏՄ-ի հետ անդամակցության հետ, բարեփոխումները, ի չիք դարձան»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ն չէր կարող փրկօղակ լինել:
Խաչատրյանի ներկայացմամբ՝ առաջին անգամ Հայաստանում հարկահավաքության խնդիր եղավ. Հոկտեմբեր ամսին արդեն արձանագրվել է, որ չեն կարողանում նախապես որոշված հարկերի շեմն ապահովել. «Հոկտեմբերի տվյալներով 10% չի հավաքվի հարկը: Մենք դիմել էինք, որ պաշտոնական սեկվեստր անեն, բյուջեի ծախսերը կրճատեն, կառավարությունը հրաժարվում էր: Հիմա, երբ նայում ենք, ոչ պաշտոնական սեկվեստր կա, շատ ծառայություններ եւ կազմակերպություններ, որոնք բյուջեի հաշվին են ծառայություններ մատուցում, չեն ապահովվում գումարները, չեն փոխհատուցվում: Շատ բժշկական ծառայություններ են կատարվում, իսկ գումարները չեն փոխհատուցվում: Այդ ծառայություններ իրականացնողներին ասում են՝ մի դժգոհեք, եկող տարի փետրվարին, մարտին կտանք: Նոյեմբեր ամսվա աշխատավարձերի ուշացումներ են արձանագրվել պաշտպանական եւ հատուկ ծառայությունների մոտ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պարոն Խաչատրյանն ասաց, որ ուղղակի ներդրումների աճ էլ չկա:
Կարդացեք նաև
2015-ին իշխանությունները, ինչպես ասաց Խաչատրյանը, հաստատեցին այն տնտեսական մոդելը, որ կա տարիներ շարունակ՝ սպասարկում են ներմուծողներին, մենաշնորհներին՝ հայտնի օլիգարխներին՝ «Ովքեր նաեւ քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեն: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, եւ «Սասի» Արտակը՝ ազգանունը չգիտեմ: Տեսեք, թե ինչ ազդեցություն ունեցան հանրաքվեի ժամանակ: 2015 թվականն ապացուցեց, որ նման մարդկանց վրա տնտեսության մեջ հենվելով՝ մենք գահավիժում ենք, սպառել ենք մեր բոլոր ռեսուրսները»:
Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական աճին, ապա Խաչատրյանն ասաց, որ ամենաքիչը 7% տնտեսական աճ պետք է ունենանք, որ կարողանանք եղած խնդիրները լուծել. «2.2% աճը նախատեսվում է ապահովել գյուղատնտեսության եւ հանքագործության հաշվին: Առաջինը լավ կլինի, որ գյուղատնտեսության հաշվին լինի, իսկ հանքարդյունաբերությունը կործանարար է Հայաստանի համար: Համաշխարհային շուկայում բոլոր հումքային ապրանքների գների նվազում է նկատվում, այսինքն՝ որեւիցե ձեւով հույս դնել հանքարդյունաբերության վրա չի կարելի: Տեղի է ունենում ուղղակի հանքի շահագործման մեծացում` մեր առողջության հաշվին, օդի աղտոտման հաշվին, այսպիսի բեռի տակից Հայաստանի բնությունը դուրս չի կարող գալ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Համաշխարհային բանկի՝ 2017-ին 2.7% տնտեսական աճի կանխատեսումը, ըստ Խաչատրյանի, Հայաստանի համար մահացու է:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ տնտեսագետի, այս տարի կառավարության ամենամեծ հաջողությունը 1,5 միլիարդ դոլարի պարտքը ավելացնելն էր. «Ազատ գումարները շատ-շատ են, շատ մեծ ջանք պետք չէ այդ գումարները վերցնելու համար: Ներկայացնել, թե դա կառավարության հաջողությունն է, մեղմ ասած, զարմանք է առաջացնում, եթե ոչ ավելին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ