Եվրոպական միության արտաքին քաղաքականության խորհրդում այսօր կքննարկվեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրին վերաբերվող հարցեր: Այս հայտարարությունն, ըստ ԵՄ կայքի, այսօր արել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ոչ միայն Ուկրաինայի մասին, բայց, իհարկե, նաև Ուկրաինայի, այլեւ Բելառուսի, Մոլդովայի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասին կխոսենք: Նախարարների հետ կքննարկենք բոլոր գործընկերների հետ առանձին մեր հարաբերությունների հեռանկարների ընդհանուր գնահատականը: Մենք միշտ խոսել ենք տարբերակված մոտեցման մասին: Հիմա ժամանակն է քննարկել մեր հեռանկարները, կիսվել դրանցով, որպեսզի կարողանանք պատրաստվել մյուս տարվա աշխատանքին: Մենք այս երկրներից մի քանիսում ունենք շատ քաջալերող, իսկ մյուսներում՝ խնդրահարույց իրավիճակներ»,- մասնավորապես ասել է Մոգերինին:
Ըստ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդում այսօր նաեւ կքննարկվեն Լիբիայի հարցով Հռոմի համաժողովի արդյունքները, կխոսեն ահաբեկչության դեմ պայքարի մասին: «Հետո մեզ կմիանա Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Մենք նրա հետ հիմնականում կքննարկենք արտաքին քաղաքականությունը եւ տարածաշրջանային հարցեր: Սա առաջին հերթին նշանակում է Սիրիայի խնդիրը, ԴԱԵՇ-ի դեմ պայքարը, հակաահաբեկչական գործողությունները եւ, իհարկե, Լիբիայի հարցը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ