Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը դիմում է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին. « Փետրվարին ես չէի ասում՝ սա չարիքի իշխանություն է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2015 16:46

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր Հսկիչ նշանների, դրոշմապիտակների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հսկիչ նշանների միջոցով էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը: Այն ընդունել էին հեղինակային իրավունքը պաշտպանելու համար, բայց տեսնում են, որ օրենքը չի գործում:

Այս օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցանկություն հայտնեց ելույթ ունենալ: Հաշվի առնելով այսօրվա նիստը վարող Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի հետ տեղի ունեցած  միջադեպերը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, մինչ տիկին Փոստանջյանը կմոտենար ամբիոնին, նրան որպես գործընկեր, որպես կին խնդրեց. «Ես ձեզ խնդրում եմ, որ մենք միասին չընկնենք անհաջող վիճակների մեջ, խոսեք հնարավորինս բարեկրթությունը պահպանելով եւ հնարավորինս կանոնակարգը չխախտելով, որպեսզի ես ստիպված չլինեմ այլ միջոցների գնալ»:

Նա հույս հայտնեց, որ իրենք, որպես երկու կին, իրար հետ «լեզու կգտնեն»: Զարուհի Փոստանջյանը նրա խորհուրդները չընդունեց. «Չգիտեի, որ տիկին Նաղդալյանը նաեւ որպես ուսուցիչ դասեր է տալիս: Շնորհակալություն ձեր դասերի համար, ես քաղաքական ուսում ստացել եմ լավագույն դպրոցում, հետեւաբար ձեր խորհրդի կարիքը ես չունեմ»:

Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը խոսեց քաղաքական դաշտի, հատկապես՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին: Նա ասաց, որ այս տարվա սկզբին ջախջախվեց մի քաղաքական ուժ, որի անունն է ԲՀԿ:

Սա լսելուն պես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղից արձագանքեց, թե չի ջախջախվել:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Դուք կարծում եք, որ ջախջախված չե՞ք, լավ, ես այդպես եմ կարծում: Ինձ համար ափսոսանք է, որ այսպիսի իրավիճակում է հայտնված մեր խորհրդարանը, այդ թվում նաեւ ձեր քաղաքական ուժը: Ես ինքս չեմ համակրել ձեր քաղաքական ուժին, համամիտ չեմ եղել այդ քաղաքական գործընթացներին, բայց ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ կարելի է այսպես ջախջախել, այսպես վերաբերվել քաղաքական ուժի հետ եւ հայտարարել, որ ես եմ որոշում կայացնում ցանկացած քաղաքական ուժի վերաբերյալ»:

Նա ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց գիտակցությամբ պետք է ոչ թե խորհրդարանում քննարկեն արտահերթ ռեժիմով օրենքներ, այլ պետք է լինեն հասարակության կողքին եւ պահանջեն հիմնադրել օրինական իշխանություններ. «Այսօր այս ԱԺ-ն օրինական չէ: Փետրվարին ես չէի բարձրանում ամբիոն եւ ասում՝ սա չարիքի իշխանություն է: Փետրվարին այս խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերն էին դա ասում, այդ ի՞նչ է փոխվել: Ընդհակառակը, ավելի վատն է դեպի փոխվել: Մենք եթե ինչ-որ քաղաքական դիրքորոշում ենք հայտնում, չի կարելի այդպես կտրուկ փոխել այդ դիրքորոշումը: Այո, ՀՀ-ում այսօր գործում է հանցավոր ռեժիմ, չարիքի իշխանություն, որից մենք պետք է ազատվենք հնարավորինս շուտ»:

Հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց ՀՅԴ-ին. «Իմ սիրելի Դաշնակցությանը կոչ եմ անում եւ ակնկալում եմ, որ ինքն այլեւս իրեն պետք է տարանջատի այս հանցավոր ռեժիմից: Բոլոր քաղաքական գործիչները, ովքեր հասկանում են ինչ վիճակում ենք մենք հայտնվել, պետք է իրենց տարանջատեն եւ լինեն հասարակության կողքին: Օր առաջ պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Եթե չենք գնում այդ ճանապարհով, կործանումը դառնում է անխուսափելի մեզ համար»:

Ելույթից հետո Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այս ընդդիմությունից ոչ մի օգուտ մարդիկ չեն ստանա, միայն վատ խորհուրդներ. «Հրապարակներում ձեր ելույթները չեն ստացվում, ձեզ ականջալուր մարդ այլեւս չկա, որ դուրս գա ձեր հետեւից գա, խմբակցությունում էլ մեն-մենակ եք մնացել: Հիմա ձեզ մնացել է մենակ մի բան, էս ամբիոնը զավթեք ու բոլորին սկսեք աջուձախ վիրավորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031